Քաղաքականություն

Մեդվեդևը հայտարարել է, որ փորձում են վատթարացնել Մոսկվա–Երևան հարաբերությունները

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոյին տված հարցազրույցում, հաղորդում է РИА Новости-ն։

Մեդվեդևը նշել է, որ առանձին երկրներ փորձում են «ինչ-որ բան խառնել» Կովկասում, և Ռուսաստանը հետևում է այդ գործընթացներին։ Որպես օրինակ նա մատնանշել է Արևմուտքի հարաբերությունները Վրաստանի հետ և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նրա խոսքով՝ Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը չի հանգեցրել այդ երկրի՝ դաշինքին միանալուն և, իր գնահատմամբ, նպաստել է հակամարտության առաջացմանը։ Մեդվեդևը նաև հայտարարել է, որ այժմ փորձության են ենթարկվում Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը չի հստակեցրել, թե որ պետությունների մասին է խոսքը։ Նրա հայտարարությունը հնչել է Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխության շարունակվող գործընթացի ֆոնին։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version