Ժամանց
Լիլի Վարդանը պատմել է ամուսնալուծության, երեխաներից բաժանման և Արմեն Մարտիրոսյանի հետ սիրավեպի մասին

168TV-ի «Ռանդևու» հաղորդման ընթացքում դերասանուհի Լիլի Վարդանը խոսել է իր առաջին ամուսնության ավարտի, երեխաներից հեռու լինելու ապրումների և մաեստրո Արմեն Մարտիրոսյանի հետ հարաբերությունների մասին։
Նրա խոսքով՝ ամուսնալուծությունը մեկ պատճառ չի ունեցել․ հարաբերությունների ավարտին հանգեցրել են բազմաթիվ, կուտակված մանր պատճառներ։ Դերասանուհին նշել է, որ վճռորոշ է եղել նախկին ամուսնուց ունեցած հիասթափությունը։
Լիլի Վարդանի պատմելով՝ ընտանիքը Հայաստան տեղափոխվելուց հետո ինքը առողջական խնդիրների պատճառով մի քանի վիրահատության է ենթարկվել։ Այդ ընթացքում, նրա խոսքով, նախկին ամուսինը վերադարձել է արտերկիր և այլևս չի հետաքրքրվել իր առողջական վիճակով։ Դերասանուհին նշել է, որ հենց այդ հանգամանքն է փոխել իր վերաբերմունքը նրա նկատմամբ։
Խոսելով երեխաներից հեռու լինելու մասին՝ Լիլի Վարդանը պատմել է, որ իր դուստրերից մեկը տարիներ շարունակ ապրել է Կանադայում։ Նա նշել է, որ այդ իրավիճակն իրեն մինչ օրս ծանր է անդրադառնում և պատմել է կրկնվող երազի մասին, որտեղ տեսնում է դստեր տաք անկողինը, սակայն երեխային այնտեղ չի գտնում։
Դերասանուհին անդրադարձել է նաև Արմեն Մարտիրոսյանի հետ հարաբերություններին։ Նրա խոսքով՝ դրանք սկսվել են ընկերությունից և աշխատանքի ընթացքում անսպասելիորեն վերածվել սիրո։ Առաջին քայլը, ըստ Լիլի Վարդանի, արել է Արմեն Մարտիրոսյանը։
Հաղորդման ընթացքում դերասանուհին խոսել է նաև հայկական եթերի մասին՝ նշելով, որ Հայաստանում կան որակյալ նախագծեր, սակայն սերիալներում ժարգոնի և քրեական ենթամշակույթի տարրերի առկայությունը, իր կարծիքով, պետք է վերահսկվի։ Բլից հարցերի ժամանակ նա ասել է, որ իր ամենամեծ վախը կապված է երեխաների հետ։ Լիլի Վարդանը նաև նշել է, որ եթե հնարավորություն ունենար մեկ մարդու ասել՝ «Դու ինձ շատ նեղացրեցիր», այդ մարդը կլիներ իր նախկին ամուսինը, թեև չի պատրաստվում նրան փոխանցել կուտակված խոսքերը։
Աղբյուր՝ 168.am