Քաղաքականություն
Մեդվեդևը հայտարարել է, որ փորձում են վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի պետական հեռուստառադիոյին տված հարցազրույցում, հաղորդում է РИА Новости-ն։
Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը զգուշությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Նրա խոսքով՝ որպես նման փորձերի օրինակ կարելի է դիտարկել Արևմուտքի հարաբերությունները Վրաստանի հետ և Հայաստանի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը։
Նա նաև հայտարարել է, որ Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը դրական արդյունք չի տվել, քանի որ երկիրը մինչ այժմ չի դարձել դաշինքի անդամ։ Մեդվեդևի գնահատմամբ՝ այդ մոտեցումը հանգեցրել է հակամարտության։
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը չի հստակեցրել, թե կոնկրետ որ պետություններն են, իր կարծիքով, նման քայլեր ձեռնարկում։ Նրա հայտարարությունը հնչել է Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխությունների ֆոնին։
Աղբյուր՝ yerevan.today