Տնտեսություն

Բնակարանների գներն աճել են մինչև 2.5 անգամ, իսկ հիփոթեքային վարկերը՝ 7.7 անգամ

Վերջին ութ տարիներին Երևանում բնակարանների միջին գները զգալիորեն աճել են՝ շատ դեպքերում անհամեմատ ավելի արագ, քան բնակչության եկամուտները։ Ներկայացված վերլուծության համաձայն՝ դա բնակարան ձեռք բերելը դժվարացրել է քաղաքացիների մեծ մասի համար։

2018 թվականի առաջին կեսին Երևանի կենտրոնում բնակարանի մեկ քառակուսի մետրի միջին գինը 1000-1050 դոլար էր, իսկ այժմ գերազանցում է 2500 դոլարը։ Արաբկիրում նույն ցուցանիշը 750 դոլարից հասել է 1800 դոլարի։ Քանաքեռ-Զեյթունում այն մոտ 570 դոլարից բարձրացել է մինչև 1350 դոլար, իսկ Նոր Նորքում՝ 500-ից մինչև 1250 դոլար։ Վերլուծության մեջ նշվում է, որ մայրաքաղաքի մյուս վարչական տարածքներում ևս գներն աճել են մոտավորապես նույն տեմպերով։

Նյութի համաձայն՝ թանկացման հիմնական գործոններից մեկը պետության կողմից սուբսիդավորվող հիփոթեքային վարկավորման միջոցով ձևավորված պահանջարկն է։ Բնակարանների գնման պահանջարկը վերջին տարիներին մեծացել է հիմնականում վարկային միջոցների հաշվին, ինչն ավելացրել է քաղաքացիների պարտքային բեռը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում քաղաքացիների վարկային բեռը ավելի արագ է աճել, քան նրանց եկամուտները։ Վերլուծության մեջ այդ միտումը դիտարկվում է որպես ռիսկ ոչ միայն տնային տնտեսությունների, այլև բանկային համակարգի համար, հատկապես այն դեպքում, եթե վարկառուների եկամուտները նվազեն կամ անշարժ գույքի շուկայում ճգնաժամ առաջանա։

Վերջին ութ տարիներին բանկերի հիփոթեքային վարկերն աճել են 7.7 անգամ՝ 207 միլիարդ դրամից հասնելով 1.8 տրիլիոն դրամի։ Նշված գումարը շուրջ 5 միլիարդ դոլարին համարժեք է։ Նույն ժամանակահատվածում շինարարությանն ուղղված վարկերն աճել են 6.5 անգամ՝ հասնելով 2.7 միլիարդ դոլարի։

Բնակարանների և վարձակալության գների վրա լրացուցիչ ճնշում է գործադրել նաև արցախցիների բռնագաղթումը, նշվում է վերլուծության մեջ։ Միաժամանակ, հեղինակը պնդում է, որ կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկում անշարժ գույքի շուկայի կարգավորման ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հայտարարել է, որ իշխանությունները չեն պատրաստվում միջամտել նաև վարձակալության շուկային։

Նյութում նշվում է, որ Հայաստանում աշխատող քաղաքացիների առնվազն 80 տոկոսի իրական աշխատավարձը չի հասնում 250 հազար դրամի։ Այդ պայմաններում բնակարան գնելը կամ նույնիսկ հիփոթեքային վարկ ստանձնելը շատերի համար անհասանելի է դարձել։ Միևնույն ժամանակ, ըստ ներկայացված տվյալների, վերջին մեկ տարում բնակարանների գներն աճել են շուրջ 15 տոկոսով։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version