Արտաքին աշխարհ
Ստուբը Եվրոպային կոչ է արել պատրաստ լինել Ռուսաստանի հիբրիդային գործողություններին
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման նախապատրաստության որևէ ապացույց չի տեսնում։ Այս մասին նա ասել է իսպանական EL MUNDO թերթին տված հարցազրույցում։
Ստուբի խոսքով՝ եվրոպացի առաջնորդները պետք է տարբերակեն սպառնալիքի իրական մակարդակը հնարավոր զարգացումների սցենարներից և չտրվեն խուճապի։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանն արդեն հիբրիդային պատերազմ է վարում եվրոպական երկրների դեմ՝ կիբեռհարձակումների, դիվերսիաների, տեղեկատվական միջամտության և «մոխրագույն գոտու» այլ գործողությունների միջոցով։
Ֆինլանդիայի նախագահը շեշտել է, որ նման սպառնալիքներից աշխարհագրական հեռավորությունն այլևս պաշտպանություն չի ապահովում։ Որպես օրինակ նա նշել է Իսպանիան, որը Ռուսաստանից ավելի հեռու է, քան Ֆինլանդիան։ Նրա խոսքով՝ կարելի է ակնկալել մշտական կիբեռհարձակումներ, և նման հարձակումների են արդեն ենթարկվում իսպանական բանկերն ու այլ օբյեկտներ։
Ստուբը անդրադարձել է նաև Բալթյան տարածաշրջանի միջադեպերին, մալուխների վնասմանը, ենթադրյալ դիվերսիաներին և միգրացիոն ճնշման կիրառմանը։ Նա նշել է, որ մեղավորներին բացահայտելու դեպքում եվրոպական իշխանությունները պետք է հրապարակայնորեն նրանց պատասխանատվության ենթարկեն և ապահովեն հետևանքներ։
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական բախման վերաբերյալ Ստուբը կրկնել է, որ չպետք է նույնացնել հնարավոր սցենարներն ու ընթացիկ սպառնալիքի գնահատականը։ Նա ընդգծել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամների շրջանում Ռուսաստանի հետ ամենաերկար ցամաքային սահմանն ունի և ուշադիր հետևում է իրավիճակին։ Նրա խոսքով՝ գնահատականի փոփոխության դեպքում Ֆինլանդիան այդ մասին կտեղեկացնի դաշնակիցներին։
Անդրադառնալով միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին ռուսաստանյան վերջին փաստաթղթին՝ Ստուբը պաշտպանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի դիրքորոշումը։ Նա նշել է, որ դաշինքը պաշտպանական բնույթ ունի և չի սպառնում Ռուսաստանին, ուստի Մոսկվան պետք է դադարեցնի ՆԱՏՕ-ի հասցեին հնչող միջուկային սպառնալիքները։
Աղբյուր՝ 168.am