Արտաքին աշխարհ
Ֆրանսիայում աշակերտական բողոքների ընթացքում վնասվել է 24 լիցեյ

Ֆրանսիայում մեկ շաբաթ շարունակվող աշակերտական բողոքի ակցիաների ընթացքում 24 լիցեյ ավերվել կամ հրկիզվել է։ Անվտանգության նկատառումներով ևս մոտ 400–500 ուսումնական հաստատություն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել է դասերը, հայտնել է ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրենը՝ Le Figaro-ի փոխանցմամբ։
Նախարարի խոսքով՝ ուրբաթ օրը դասերը դադարեցվել էին մոտ 400–500 լիցեյում, և երկուշաբթի համադրելի թվով հաստատություններ կարող են մասնակիորեն փակ մնալ։ Այդ որոշումները կայացվում են այն դեպքում, երբ շենքերի վնասման կամ կրթության ոլորտի աշխատակիցների նկատմամբ ուղղակի հարձակումների պատճառով հնարավոր չէ ապահովել աշակերտների և անձնակազմի անվտանգությունը։
Ժեֆրենի հայտարարությամբ՝ բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր տուժել է կրթական համակարգի 78 աշխատակից։ Նա նաև պնդել է, որ ծայրահեղ ձախերի ներկայացուցիչները ներթափանցել են աշակերտական շարժում և որոշ դեպքերում հրահրել հատկապես դաժան բախումներ։
Բողոքները սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ Փարիզի շրջանում, ապա տարածվել Ֆրանսիայի այլ հատվածներում։ Վերջին օրերին մի շարք քաղաքներում գրանցվել են բախումներ և վանդալիզմի դեպքեր։ Ուրբաթ օրը ձերբակալվել է ավելի քան 1700 մարդ, իսկ շաբաթվա սկզբից ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5000-ը։
Աշակերտները պահանջում են մեծացնել կրթական համակարգի ֆինանսավորումն ու աշխատակիցների թիվը։ Նրանք դժգոհում են ուսուցիչների պակասից, դպրոցական շենքերի վիճակից, գերծանրաբեռնված ժամանակացույցից և բուհերի ընդունելության Parcoursup համակարգի պատճառով առաջացած ճնշումից։
Կրթության նախարարի հետ հանդիպումից հետո աշակերտական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ «կոնկրետ միջոցներ» չեն տեսել, և կոչ են արել երեքշաբթի շարունակել բողոքի ակցիաները։ Դրանց միանալու մտադրության մասին հայտնել են նաև CGT և Solidaires արհմիությունները։
Ֆրանսիայի կառավարությունն իր հերթին ընդգծում է, որ պետք է տարբերակել աշակերտների՝ բողոքելու օրինական իրավունքը բռնությունից և գույքի ոչնչացումից։ Իշխանություններն ավելի վաղ հայտնել էին շրջափակումներից տուժած հարյուրավոր ուսումնական հաստատությունների և բողոքների ընթացքում տուժածների թվի աճի մասին։
Աղբյուր՝ 168.am