Հասարակություն
Գարեգին Երկրորդը հանդիպել է Փոլա Ուայթ-Քեյնին

Հոկտեմբերի 4-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանում ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին։ Նա Հայաստան էր ժամանել Երևանում հոկտեմբերի 2–3-ին անցկացված Աղոթքի երկրորդ նախաճաշին մասնակցելու նպատակով և Մայր Աթոռում մասնակցել էր Սուրբ և Անմահ Պատարագին։
Գարեգին Երկրորդը ողջունել է հյուրի այցը Հայաստան և Մայր Աթոռ՝ նշելով, որ այն հնարավորություն է՝ ծանոթանալու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկրին, հայ ժողովրդին ու նրա հոգևոր-մշակութային ժառանգությանը։ Նա նաև գոհունակություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում Ուայթ-Քեյնի ունեցած ներդրման համար։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են կրոնի և հոգևոր արժեքների նշանակությունը ժողովուրդների ապահով, բարօր և առաջընթաց կյանքի ձևավորման գործում։ Նշվել է, որ հավատքը պետք է արտահայտվի սիրով, արդարությամբ և մերձավորի նկատմամբ հոգածությամբ՝ նպաստելով համերաշխությանն ու խաղաղ համակեցությանը։ Զրուցակիցները կարևորել են նաև հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ հանուն աշխարհում խաղաղության և ժողովուրդների լուսավոր ապագայի։
Փոլա Ուայթ-Քեյնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Սուրբ Պատարագից ստացած իր տպավորությունները՝ ընդգծելով արարողության ընթացքում ապրած ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Նա նաև երախտագիտությամբ անդրադարձել է Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը՝ որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայության։
Աղբյուր՝ 168.am