Արտաքին աշխարհ
Գարդա լճի ափին գտնվող ճամբարում հրդեհից 24 մարդ է տուժել

Իտալիայի Պեսկիերա-դել-Գարդա համայնքում՝ Գարդա լճի ափին գտնվող Bella Italia ճամբարում, կիրակի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ճամբարի վարչակազմը։
Հրդեհի հետևանքով տուժել է 24 մարդ։ Նրանցից մեկի մոտ արձանագրվել են ոտքերի ծանր այրվածքներ, իսկ մյուսները հիմնականում բժշկական օգնության են դիմել շմոլ գազից թունավորման պատճառով։ Յոթ մարդ, այդ թվում՝ Շվեյցարիայից ժամանած՝ երեք երեխա ունեցող ընտանիքը, տեղափոխվել է շտապ օգնության բաժանմունք։
Կրակը բռնկվել է մոտավորապես ժամը 06:00-ին՝ դեռ մութ ժամանակ։ Նախնական տվյալներով՝ հրդեհը սկսվել է բունգալոներից մեկում, սակայն պատճառը դեռ պարզված չէ։ Հրշեջներին հաջողվել է արագ վերահսկողության տակ վերցնել կրակը, թեև աշխատանքները բարդացել են տարածքում հեղուկացված գազի բալոնների և ավտոմեքենաների առկայության պատճառով։ Գործողության ընթացքում պայթյուն է տեղի ունեցել։
Հրդեհից վնասվել է մոտ 20 շարժական տնակ։ Դեպքի վայրում աշխատել է շուրջ 20 հրշեջ՝ հինգ մեքենայով, ինչպես նաև շտապ օգնության մի քանի բրիգադ։ Հրդեհի պահին ճամբարը բաց է եղել և այնտեղ հանգստացողներ են գտնվել։ Իտալական ծառայությունները շարունակում են հետաքննել դեպքի հանգամանքներն ու պատճառը։
Աղբյուր՝ 168.am