Քաղաքականություն

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին կոչ է արել կազմակերպել մարդասիրական այց Բաքու

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հրատապ մարդասիրական դիմումով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարությանը՝ Բաքու պատգամավորների այց կազմակերպելու խնդրանքով։

Գալստյանի խոսքով՝ Ադրբեջանում արդեն երրորդ տարին է՝ փակ դռների հետևում ընթանում են հայ ռազմագերիների և այլ հայազգի կալանավորված անձանց դատավարությունները։ Նա նշել է, որ նրանց ընտանիքները զրկված են հարազատներին այցելելու հնարավորությունից, իսկ միջազգային մարդասիրական այցեր չեն իրականացվել։ Նրա պնդմամբ՝ արդեն մեկ տարի է՝ կալանավորված անձանց չի այցելում նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։

Դիմումում Լիլիթ Գալստյանը հղում է արել ԵԱՀԿ ԽՎ-ի 2025 թվականի Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ կետերին, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց դեպքերի դիտարկմանը, նրանց պաշտոնական այցելություններին և իրավունքների պաշտպանությանը։ Նա ընդգծել է, որ այցի նպատակը պետք է լինի հայ կալանավորված անձանց հետ հանդիպումն ու նրանց հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի գնահատումը։

Գալստյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը քաղաքական չէ, այլ մարդասիրական քայլ, որը կարող է նպաստել վստահության ձևավորմանն ու խաղաղության գործընթացին։ Նա ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությունից ակնկալել է աջակցություն՝ այցի մասնակիցների անվտանգ մուտքն ու վերադարձն ապահովելու երաշխիքների ձեռքբերման հարցում։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version