Հասարակություն
Արարատի մարզում «Honda» և «BMW» մեքենաները բախվել են․ երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 հատվածում, Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ shamshyan.com-ի՝ մինչ «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության խմբի ժամանումը, վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և դեպքի վայրով անցնող Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Հարությունյանը։ Նա նաև վիրավորներից մեկի պարանոցին ֆիքսատոր է ամրացրել։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները, ինչպես նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Բախման հետևանքով երկու մեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում, իսկ «BMW»-ն կողաշրջվել է։ Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են մեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Աղբյուր՝ yerevan.today