Քաղաքականություն

Գևորգ Դանիելյան․ հանրաքվեն երկարաժամկետ քաղաքականության կայունության երաշխիքն է

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը նշել է, որ երկարաժամկետ և կայուն քաղաքականության հիմքը հանրաքվեն է, այլ ոչ թե իշխանություն ունեցող անձանց իրավիճակային ու փոփոխվող խոստումները։

Դանիելյանի խոսքով՝ հանրաքվեն միանձնյա և ժողովրդավարական կառավարման սկզբունքների փոխհարաբերության կարևոր ցուցիչ է և իշխանության իրական ու ենթադրյալ լեգիտիմության չափանիշ։ Նա նշել է, որ հանրաքվեների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է դրանց միջոցով քաղաքական որոշումների երկարաժամկետ ամրագրմամբ։

Դանիելյանը նաև անդրադարձել է 2013 թվականին ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնախմբի աշխատանքներին՝ նշելով, որ ինքն զբաղվել է հանրաքվեի սահմանադրաիրավական հիմքերի մշակմամբ։ Նրա խոսքով՝ միջազգային փորձագետների հետ քննարկումների ընթացքում տարաձայնություններ են եղել հանրաքվեի դերի վերաբերյալ, սակայն հանձնախմբի մի քանի անդամների աջակցությամբ հաջողվել է պարտադիր հանրաքվեի առարկա դարձնել վերպետական միջազգային կազմակերպություններին միանալու և դրանցից դուրս գալու, ինչպես նաև տարածքների փոփոխության հարցերը։

Նա հայտնել է, որ առաջիկայում պատրաստվում է անդրադառնալ «տարածք» եզրույթի մեկնաբանությանը և լրացուցիչ փաստարկներով հիմնավորել, որ Տիգրանաշենը, իր գնահատմամբ, չի կարող համարվել ադրբեջանական տարածք։ Դանիելյանը նաև նշել է, որ 1989 թվականին Թբիլիսիում Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է Տիգրանաշենի վերաբերյալ վեճի քննարկմանը, որի ընթացքում ադրբեջանական կողմի փաստարկները, ըստ նրա, անհիմն են ճանաչվել։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version