Հասարակություն

Ֆիրդուսի 33-րդ թաղամասում չգրանցված տարածքների հարցը շարունակում է մնալ չլուծված

Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասում գտնվող Հանրապետության նրբանցք 8ա հասցեի երկու չգրանցված տարածքների նկատմամբ գույքային իրավունքների հարցը, ըստ Վարյա Սաֆարյանի, 2007 թվականից մինչ այժմ վերջնական իրավական լուծում չի ստացել։ Խոսքը 78.8 քմ և 244.44 քմ տարածքների մասին է, որոնց հասցեի գույքի կազմում ներառված լինելու հանգամանքը նա հիմնավորում է պատմական և արխիվային փաստաթղթերով։

Սաֆարյանի փոխանցմամբ՝ 78.8 քմ ցանկապատված տարածքը, ըստ հասցեի արխիվային տվյալների, 1894 թվականից եղել է Հանրապետության նրբանցք 8ա հասցեի բաղկացուցիչ մասը։ Տունը գտնվել է փողոցից ներս, և երկար տարիներ այդ տարածքով է իրականացվել տան հիմնական ելումուտը։ Նրա խոսքով՝ հետագայում տարածքից օգտվելու հնարավորություն է տրվել նաև փողոցին սահմանակից եղբոր տան կողմից, սակայն այդ հանգամանքը որևէ իրավական հետևանք չի առաջացրել։

Սաֆարյանը պնդում է, որ առանց իր համաձայնության՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ 78.8 քմ տարածքը հատկացվել է «Էլիտ Հոլդինգ»-ին, իսկ ավելի ուշ այնտեղ իրականացվել են քանդման աշխատանքներ։ Նա հարց է բարձրացնում, թե ինչպես կարող էր այդ տարածքը տրամադրվել և փոփոխության ենթարկվել, եթե դրա նկատմամբ ներկայացված գույքային իրավունքների հարցը պետական մարմինների կողմից վերջնականապես լուծված չէր։

244.44 քմ տարածքի մասով Սաֆարյանը նշում է, որ իր պահանջը հիմնված է ոչ միայն երկարատև փաստացի օգտագործման, այլև պատմական փաստաթղթերի վրա։ Դրանց թվում նա նշում է 1928 թվականի գույքաթերթը և 1934 թվականի պետական նոտարի թիվ 409 գրանցումը։ Նրա կարծիքով՝ այդ փաստաթղթերը պետք է համատեղ ուսումնասիրվեն՝ Հանրապետության նրբանցք 8ա հասցեի պատմական սահմանները և տվյալ տարածքի նկատմամբ հնարավոր գույքային իրավունքները պարզելու համար։

Սաֆարյանի խոսքով՝ 244.44 քմ տարածքը և շվաքարանով զբաղեցված հատվածը երկար տարիներ կապված են եղել «Ֆիրդուսի տոնավաճառի» առևտրային միջավայրի հետ։ Նա ասում է, որ այդ գործունեությունը նպաստել է բազմանդամ ընտանիքի կարիքների ապահովմանը։ «Safaryan v. Armenia» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված նյութերի թվում, ըստ նրա, ներառվել են նաև համապատասխան լուսանկարներ։ Նա որպես հասցեի փաստացի օգտագործման վերաբերյալ փաստաթուղթ մատնանշում է նաև 28.07.2022 թվականի հատակագիծը։

Ֆիրդուսի տարածքում «գերակա հանրային շահի» հիմքով օտարման գործընթացը, ըստ ներկայացված տեղեկությունների, սկսվել է 2007 թվականին։ ՀՀ կառավարության 25.01.2007 թվականի N108-Ն որոշմամբ համապատասխան տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերը ճանաչվել են բացառիկ՝ գերակա հանրային շահ։ Ավելի ուշ՝ 22.03.2018 թվականի N332-Ն որոշմամբ, Երևանի 33-րդ թաղամասի նկատմամբ կրկին ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ, իսկ գույքերի ցանկում ներառվել է նաև «Հանրապետության նրբ., տուն 8ա» հասցեն։

Սաֆարյանը կարծում է, որ հարկադիր օտարման գործընթացի պայմաններում նախ պետք է հստակ որոշվի՝ ինչ գույք և ինչ իրավունքներ են պատկանում սեփականատիրոջը, որպեսզի հնարավոր լինի գնահատել օտարվող գույքի իրական կազմն ու միջամտության ծավալը։ Նա պահանջում է, որ պետական մարմիններն ու դատարանները ըստ էության ուսումնասիրեն ներկայացված փաստաթղթերը և տան վերջնական ու պատճառաբանված իրավական պատասխան։

Նա բարձրացնում է նաև «գերակա հանրային շահի» յոթամյա ժամկետի հարցը։ Ըստ Սաֆարյանի՝ 2007 թվականի N108-Ն որոշումն ուժի մեջ է մտել 10.03.2007-ին, իսկ 2018 թվականի N332-Ն որոշման օրինականությունը վիճարկվում է ՎԴ/5866/05/18 վարչական գործով, որի վերաբերյալ, նրա տեղեկություններով, վերջնական վճիռ դեռևս չի կայացվել։

Սաֆարյանը վկայակոչում է նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի 13.01.2023 թվականի որոշումը թիվ ՎԴ/0518/05/19՝ «Հայ փոքրիկ երգիչներ» վարչական գործով։ Նրա ներկայացմամբ՝ այդ որոշմամբ արտահայտվել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ եթե նույն օտարման նպատակը կառավարության մեկից ավելի որոշումներով ճանաչվել է հանրության գերակա շահ, յոթամյա ժամկետի հաշվարկի համար էական է առաջին որոշումը, որով այդ նպատակը ճանաչվել է գերակա շահ։

Այս համատեքստում նա հարց է բարձրացնում, թե արդյոք 2007 և 2018 թվականների որոշումներով հետապնդվել է նույն նպատակը, որ պահից պետք է հաշվարկվի յոթամյա ժամկետը, և արդյոք այդ ժամկետում սկսվել է ծրագրի իրագործումը։ Նրա խոսքով՝ այս հարցերի իրավական գնահատումը դեռևս անհրաժեշտ է, մինչդեռ Հանրապետության նրբանցք 8ա հասցեի երկու տարածքների նկատմամբ գույքային իրավունքների հարցը նույնպես վերջնականապես լուծված չէ։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version