Քաղաքականություն
Լևոն Քոչարյան․ ԵԽԽՎ զեկույցում արձանագրվել են ընտրությունների վերաբերյալ մեր բարձրաձայնած խնդիրները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Լևոն Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների՝ նախորդ շաբաթ ներկայացրած զեկույցում տեղ են գտել ընդդիմության կողմից բարձրաձայնված խնդիրների և խախտումների մեծ մասը։
Ասուլիսում նա նշել է, որ զեկույցում արձանագրվել է ընտրովի քաղաքական հետապնդումների առկայությունը, և իշխանություններին կոչ է արվել դադարեցնել դրանք։ Քոչարյանի փոխանցմամբ՝ փաստաթղթում անդրադարձ կա նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված խնդիրներին։ Ըստ նրա՝ զեկույցում նշվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացատրություններն անհասկանալի են այն տեղամասերում վերահաշվարկ չանցկացնելու վերաբերյալ։
Պատգամավորը հայտնել է, որ զեկույցում արձանագրվել են նաև վարչական ռեսուրսի չարաշահման և նախընտրական շրջանում սոցիալական միջոցառումների կիրառման վերաբերյալ խնդիրներ։ Նա որպես օրինակ նշել է առողջության ապահովագրությունը, թոշակների բարձրացումը և վարորդական իրավունքներին առնչվող հարցերը։
Քոչարյանի խոսքով՝ զեկույցում նշվել է նաև, որ իշխանությունների հավաքներին քաղաքացիները մասնակցել են ճնշման ներքո կամ հարկադրաբար, ինչպես նաև արձանագրվել է Հանրային հեռուստատեսության՝ իշխանությունների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կողմնակալ լուսաբանումը։
Պատգամավորը անդրադարձել է նաև «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ կիրառված մեկամսյա կալանքին՝ այն որակելով շինծու քաղաքական հետապնդում։ Քոչարյանը նշել է, որ այդ գործընթացը կապում է առաջիկայում Վանաձորում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, քանի որ Օհանյանը Վանաձորում է և կարող էր ակտիվ մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներին։
Աղբյուր՝ yerevan.today