Արտաքին աշխարհ

Հութիների ներկայացուցիչը հայտնել է Եմենին հասցված 106 սաուդյան հարվածի մասին

Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին հոկտեմբերի 4-ին Telegram-ում հայտնել է, որ նախորդ օրվա ընթացքում Սաուդյան Արաբիայի զինված ուժերը 106 օդային և հրթիռային հարված են հասցրել Եմենի մի շարք շրջանների, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայի քաղաքացիական օբյեկտներին։

Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել նաև Էլ Ջաուֆի, Թայիզի, Ամրանի, Հաջջայի և Սաադայի մարզերին։ Սարին նշել է, որ գործողություններին մասնակցել են F-15 և Typhoon կործանիչներ, որոնք օդ են բարձրացել Սաուդյան Արաբիայի Խամիս Մուշայթ և Էթ Թաիֆ քաղաքների ավիաբազաներից։ Նրա փոխանցմամբ՝ հրթիռներն արձակվել են Նաջրան քաղաքի շրջանում տեղակայված դիրքերից։

Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական զորքերին՝ ավիահարվածներ հասցնելով հութիների դիրքերին։ Եմենի տարածքը ռազմավարական նշանակություն ունի թագավորության համար, քանի որ սաուդյան նավթի միլիոնավոր բարելներ տեղափոխվում են Բաբ էլ Մանդեբի նեղուցով, որը Կարմիր ծով տանող հարավային ճանապարհն է։ Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ կարգելափակեն նեղուցով սաուդյան լցանավերի անցումը։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version