Հասարակություն
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Սիթի»-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Երևանում վերահսկողություն է իրականացվել «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասում, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ։
Ըստ ՍԱՏՄ-ի՝ արտադրական տարածքների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը։ Արձանագրվել է նաև, որ պատերն ու առաստաղը հարթ չեն եղել և չեն պահպանվել նորոգ վիճակում, ինչի հետևանքով դրանք հնարավոր չի եղել պատշաճ լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել։
Տեսչական մարմնի տվյալներով՝ սննդամթերքի հետ շփվող սարքավորումներն ու գործիքները նույնպես պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։
Աղբյուր՝ 168.am