Հասարակություն
Վարչական դատարանը բավարարել է Արցախում աշխատած դատախազի հատուկ կենսաթոշակի պահանջը

Վարչական դատարանը ամբողջությամբ բավարարել է Արցախում աշխատած և հատուկ կենսաթոշակի իրավունք ունեցող դատախազի հայցը։ Այս մասին հայտնել է գործով փաստաբանը՝ նշելով, որ համապատասխան կենսաթոշակը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ից, և այդ օրվանից հաշվարկված գումարները ենթակա են բռնագանձման։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արցախի դատախազների և դատավորների մի մասը, որոնք տեղահանվել են և ունեն հատուկ կենսաթոշակի իրավունք, զրկվել էր Հայաստանի գործընկերների հետ հավասար պայմաններով կենսաթոշակի անցնելու հնարավորությունից։ Նրա խոսքով՝ մերժումները հիմնավորվել էին միայն այն հանգամանքով, որ անձինք աշխատել են Արցախում, ոչ թե Հայաստանում։
Փաստաբանը նշել է, որ այս հարցով երեք հայց է ներկայացրել, որոնցից մեկի վերաբերյալ վճիռն արդեն ստացել է։ Նա նաև դրական է գնահատել գործը քննած՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանի աշխատանքը՝ ընդգծելով, որ դատարանի ծանրաբեռնվածության պայմաններում գործը քննվել է սեղմ ժամկետներում։
Աղբյուր՝ aravot.am