Հասարակություն
ՄԻՊ-ը շարունակում է ահազանգեր ստանալ դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ և անընդունելի է համարել Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերն ու հրապարակումները։
Պաշտպանի խոսքով՝ դպրոցական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է։ Դպրոցը պետք է լինի երեխայի համար անվտանգ և պաշտպանված միջավայր, իսկ բռնությունը կամ ոչ պատշաճ վերաբերմունքը չեն կարող համատեղվել երեխայի արժանապատվության, անվտանգության և իրավունքների նկատմամբ հարգանքի հետ։
Մանասյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ստանալ դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության և ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր։ Նրա գնահատմամբ՝ երեխաների պաշտպանությունը պետք է ներառի ոչ միայն առանձին դեպքերի արձագանքում, այլև բռնության հնարավոր դրսևորումների կանխարգելում և բացառման ուղղությամբ հետևողական աշխատանք։
Պաշտպանը կարևորել է հանրակրթական հաստատությունների անվտանգության չափանիշներով նախատեսված սովորողների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործարկումը, այդ թվում՝ սովորողների պաշտպանության թիմերի պատշաճ գործունեությունը։ Նա ընդգծել է, որ այդ մեխանիզմների արդյունավետությունը պետք է գնահատվի դրանց գործնական կիրառմամբ։
Միաժամանակ Մանասյանը զգուշացրել է երեխաներին վերաբերող տեսանյութերի և այլ հրապարակումների տարածման հարցում։ Նրա խոսքով՝ երեխայի վերաբերյալ ցանկացած հրապարակում, այդ թվում՝ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից արված, չի վերացնում երեխայի անձնական կյանքի, արժանապատվության և լավագույն շահի պաշտպանության անհրաժեշտությունը։ Անընդունելի են նաև երեխային թիրախավորող կամ բռնությունն արդարացնող արձագանքները։
ՄԻՊ-ը կարևորել է իրավասու մարմինների կողմից դեպքերի հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ պարզումը, անհրաժեշտ ընթացակարգերի իրականացումն ու համապատասխան իրավական գնահատականի ապահովումը։ Դեպքերի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրություն է իրականացվում։
Աղբյուր՝ yerevan.today