Քաղաքականություն

«Ավելի խայտառակ, ուղղակի բանակին հեղինակազրկող հիմնավորում տեսե՞լ եք»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի՝ բանակում մահվան դեպքերի վերաբերյալ հիմնավորումները՝ դրանք անվանելով բանակին հեղինակազրկող։

Մանուկյանի խոսքով՝ Փաշինյանը նշել է, թե առաջնագծում զգոնությունն ու մարտական ոգին թուլացել են, քանի որ խաղաղություն է հաստատվել։ Պատգամավորը դիմել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ հայտարարելով, որ նման մոտեցումը հակասում է բանակի կերպարանափոխման հայեցակարգին և զինված ուժերի կառուցվածքին։

«Պարոն Պապիկյան, ձեր ղեկավարը ջուրն է լցնում բանակի կերպարանափոխման հայեցակարգը, ջուրն է լցվում մեր ամբողջ զինված ուժերի այդ կառուցվածքը, որովհետև ասում է՝ կորպուսի հրամանատար չկա, առաջնագծի գծով տեղակալ չկա, բրիգադի հրամանատար չկա, սա չկա, սա չկա, մինչև մարտական հենակետի պատասխանատու չկա»,— ասել է Մանուկյանը։

Նա նաև անդրադարձել է Փաշինյանի հարցազրույցին, որում, ըստ պատգամավորի, լրագրողը հարցրել է՝ ինչպես է կոռուպցիայի մեղադրանքով կալանավորված անձը ՔՊ-ի կողմից այժմ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել։ Մանուկյանը նշել է, որ Փաշինյանի պատասխանը երկար լսելուց հետո էլ պարզ չէր, թե ինչ է նա ասում։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version