Քաղաքականություն
«Որտե՞ղ է կորում շուրջ 1.2 միլիարդ դրամը». Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել է պարզաբանել աշխատատեղերի պաշտոնական թվի և դրոշմանիշային վճարներ վճարողների քանակի միջև առկա տարբերությունը։
Մանուկյանի ներկայացմամբ՝ 2018 թվականին Զինապահ հիմնադրամին 1000 դրամ վճարող գրանցված աշխատողների թիվը 522 հազար էր, իսկ մի քանի ամիս անց՝ 601 հազար։ Նրա խոսքով՝ 2026 թվականի հունիսին կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ Գևորգ Պապոյանը և Նիկոլ Փաշինյանը, աշխատատեղերի թիվը ներկայացրել են շուրջ 829 հազար։
Միաժամանակ, պատգամավորը նշել է, որ ՊԵԿ-ի իրեն տրամադրած տվյալների համաձայն՝ դրոշմանիշային վճարներ վճարողների թիվը 765 հազար է։ Այսպիսով, տարբերությունը կազմում է 64 հազար 673 աշխատատեղ։
Մանուկյանի հաշվարկով՝ եթե այդ աշխատատեղերի համար հիմք ընդունվի նվազագույն՝ 75 հազար դրամ աշխատավարձը, ապա դրանցից առաջացող հարկերի և պարտադիր վճարների շուրջ 1 միլիարդ 277 միլիոն դրամը չի մուտքագրվում բյուջե։ Նա ընդգծել է, որ հաշվարկում ավելի բարձր աշխատավարձերն ու դրոշմանիշային վճարները չի ներառել՝ կառավարության օգտին։
«Որտե՞ղ է ամեն ամիս կորում այդ 64 հազար 673 աշխատատեղերից առաջացող շուրջ 1.2 միլիարդ դրամը, և ինչո՞ւ այն չի արտացոլվում Հայաստանի համապատասխան հարկերի և պարտադիր վճարների մեջ»,— Փաշինյանին հարցրել է Մանուկյանը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը մեջբերում է արել Աստվածաշնչի «Առակաց» գրքից։
Աղբյուր՝ yerevan.today