Քաղաքականություն

«Չգիտեմ՝ ով է դիմումի հեղինակը». Զավեն Մանուկյանը՝ ՔՊ ցուցակի շուրջ աղմուկի մասին

Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամներից մեկի՝ համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և աշխատակազմի ղեկավար Սուրեն Աբրահամյանին ուղղված դիմումը սոցիալական ցանցերում քննարկումների պատճառ է դարձել։ Հրապարակված փաստաթղթում առկա են բազմաթիվ ուղղագրական և կետադրական սխալներ․ մասնավորապես, «համայնքի ղեկավար» արտահայտությունը գրված է «համայկի ղեկավար», «սխալմամբ» բառը՝ «պ» տառով, իսկ «նախագիծը»՝ «ց» տառով։ «Քվեարկել եմ» ձևակերպման փոխարեն օգտագործվել են նաև «քվարկել եմ» և «քվարել եմ» տարբերակները, իսկ դիմումում կետադրական նշաններ չկան։ Սխալ է գրված նաև աշխատակազմի ղեկավար Սուրեն Աբրահամյանի ազգանունը։

Դիմումը հրապարակել է Ախուրյանի ավագանու անդամ և ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Մարտիկ Մաթոսյանը՝ նշելով, որ դրա հեղինակը Զավեն Մանուկյանի գլխավորած ՔՊ ցուցակի առաջին տասնյակում է։ Մաթոսյանը հարց է բարձրացրել, թե արդյոք այդ անձը կարող է պատշաճ կերպով կարդալ, հասկանալ և վերլուծել համայնքային փաստաթղթերը, վերահսկել գործադիր իշխանության գործունեությունը և իրականացնել ավագանու անդամին վերապահված գործառույթները։

Մաթոսյանը նաև նշել է, որ խոսքը շուրջ 47 հազար բնակչություն ունեցող և մոտ 5 միլիարդ դրամ բյուջե ունեցող Ախուրյան խոշորացված համայնքի մասին է։ Նրա խոսքով՝ եթե կրթությունը արժեք է համարվում, ապա անհասկանալի է, թե ինչու է այն անտեսվել քաղաքական ցուցակ կազմելիս։

Aravot.am-ը դիմել է Ախուրյանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու և գործող համայնքապետ Զավեն Մանուկյանին՝ պարզելու, թե ով է դիմումի հեղինակը։ Մանուկյանը պատասխանել է, որ չի ճանաչում հեղինակին և չի ծանոթացել դիմումին՝ միայն հրապարակման բովանդակությունից ենթադրելով, որ այն գրել է ավագանու անդամը։

«Ես չգիտեմ՝ ով է այդ դիմումի հեղինակը, որ ասում են, թե ներգրավված է մեր ցուցակում»,- ասել է նա։ Մանուկյանը նաև նշել է, որ դիմումը հրապարակած Մարտիկ Մաթոսյանը նախկինում խմբակցության ղեկավար է եղել, և հարց է տվել, թե ինչու վերջինս այդ խնդրին ժամանակին չի արձագանքել։

Զավեն Մանուկյանի խոսքով՝ ցուցակը կազմելու ժամանակ ինքը չի ղեկավարել այն, չի ընտրել ավագանու թեկնածուներին և ընդհանրապես կապ չի ունեցել այդ մարդկանց ընտրության հետ։ Նա կրկին ընդգծել է, որ չգիտի՝ ում մասին է խոսքը և ով է դիմումի հեղինակը։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version