Սոցցանցեր
«Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»». Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը հայտարարել է, որ վերջին երեք օրերին համացանցում տարածվող՝ իր և Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզում հանդիպման լուսանկարը կեղծ է և գեներացվել է արհեստական բանականությամբ։
Նրա խոսքով՝ լուսանկարը ստեղծել ու տարածել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ այն հրապարակելով իրենց տելեգրամյան ալիքներում, «5-րդ ալիքի» հրապարակումները տարածող կեղծ էջերով և վարձատրվող աջակիցների միջոցով։
Մինասյանը նշել է, որ երբևէ ֆիզիկապես չի հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում։ Նա նաև գրել է, որ Փաշինյանի հետ նույնիսկ կեղծ լուսանկարում հայտնվելն իր համար անձնական վիրավորանք է՝ Փաշինյանին անվանելով «հայրենիքի ու պետության դավաճան»։
Ըստ Մինասյանի՝ լուսանկարի ստեղծման ու տարածման հրահանգ տվողների և իրականացնողների անուններն իրեն հայտնի են։ Նա պնդել է, որ այդ գործողությունների հեղինակների մտավոր կարողությունների մասին վկայում են Ռոբերտ Քոչարյանի «չդադարող քաղաքական ձախողումները», չիրականացած քաղաքական կանխատեսումներն ու անհիմն բանտարկությունները։
Մինասյանը գրառումն ուղղել է նաև այն մարդկանց, որոնք, իր խոսքով, կարող էին կասկածել լուսանկարի իսկությանը կամ տարածել այն։ Գրառման վերջում նա որպես «սցենարի հեղինակներ» նշել է Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին՝ հավելելով. «Խելոք պահեք ձեզ»։
Աղբյուր՝ 168.am