Արտաքին աշխարհ
«Իրանը լիովին կորցրել է Հորմուզի վերահսկողությունը», Թեհրանը՝ «նեղուցը փակ է»․ Ռուբիոյի և ԻՀՊԿ-ի հակասական պնդումները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Աթենքում ԱՄՆ դեսպանատան նոր շենքի բացման ժամանակ հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Նրա խոսքով՝ «նեղուցը բաց է», և այժմ այնտեղով դուրս է գալիս գրեթե նույնքան նավթ, որքան հակամարտության սկսվելուց առաջ։ Ռուբիոն նաև ասել է, որ Իրանի ֆինանսները «լիակատար անկման» մեջ են, իսկ Թեհրանը բաց է թողել Վաշինգտոնի հետ համաձայնության հասնելու բազմաթիվ հնարավորություններ։ Նա ընդգծել է, որ Իրանը «չի կարող միջուկային զենք ունենալ, վերջ»։
Թեհրանից հնչել է հակառակ հայտարարություն։ ԻՀՊԿ խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին պնդել է, որ Հորմուզի նեղուցը փակ է, և զինված ուժերը «լիարժեք վերահսկում են» այն այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել Իրանի «օրինական պահանջները»։ Նաղդին նավթի արտահանման աճը կապել է փոքր նավակներով մաքսանենգության հետ։
Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվի հարստացման իրավունքից՝ այն անվանելով «կարմիր գիծ»։ Նրա խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ չեն ընթանում։ Իրանական պետական մեդիայի փոխանցմամբ՝ ԻՀՊԿ քաղաքական տեղակալ Յադոլլահ Ջավանին Բենդեր Աբբասում խոսել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության մասին։
Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ հակադիր պնդումները ներկայացվում են որպես հարկադրական դիվանագիտության տեղեկատվական ճակատ։ Վաշինգտոնը «բաց նեղուցի» թեզով փորձում է ընդգծել շրջափակման արդյունավետությունն ու հանգստացնել էներգետիկ շուկաները, իսկ Թեհրանը «փակ նեղուցի» պնդմամբ պահպանում է իր զսպման հնարավորությունները։
Նեղուցում ցուցադրական գործողությունների ավելացումը կարող է հակասել ամերիկյան դիրքորոշմանը և մեծացնել բախման վտանգը։ Միաժամանակ, կողմերի հրապարակային անզիջում հայտարարությունները կարող են սահմանափակել միջնորդների մանևրի հնարավորությունները և երկարաձգել դիմակայությունը։
Աղբյուր՝ 168.am