Տնտեսություն
Եվրոպայի խուճապը. Չինաստանը չի բացում իր շուկանԵՄ-ի առաջ

Եվրախորհրդարանը Եվրոպական միությանը կոչ է արել Չինաստանի նկատմամբ վարել ավելի կոշտ առևտրային քաղաքականություն՝ երկխոսությունը համատեղելով եվրոպական տնտեսական շահերի առավել ակտիվ պաշտպանությամբ։ Ոչ պարտադիր բանաձևին կողմ է քվեարկել 454 պատգամավոր, դեմ՝ 86-ը, իսկ 110-ը ձեռնպահ է մնացել։
Փաստաթղթում ԵՄ-Չինաստան հարաբերությունները բնութագրվում են որպես կրիտիկական կետի հասած։ Պատգամավորները մտահոգության պատճառների թվում նշել են Պեկինի, իրենց գնահատմամբ, անբարեխիղճ տնտեսական գործելակերպը և Չինաստանի դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում։
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև խորին մտահոգություն են հայտնել այն հաղորդումների կապակցությամբ, թե չինացի զինվորականները ռուս զինծառայողներին պատրաստել են Ուկրաինայում հետագա մարտական գործողություններին մասնակցելու համար։
Առևտրի ոլորտում բանաձևը պահանջում է ապահովել փոխադարձություն և եվրոպական ու չինական ընկերությունների համար մրցակցության հավասար պայմաններ։ Պատգամավորների կարծիքով՝ եթե Պեկինը չբացի իր շուկան եվրոպական բիզնեսի համար, Եվրամիությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի։
ԵՄ-ն և Չինաստանը երկար ժամանակ մրցակցում են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերությունում։ Այս ֆոնին ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հինգշաբթի և ուրբաթ կայցելի Պեկին, որտեղ, ինչպես ակնկալվում է, բանակցություններ կվարի Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոյի հետ։ Քննարկումների թեման լինելու են կողմերի միջև լարված տնտեսական հարաբերությունները։
Աղբյուր՝ 168.am