Քաղաքականություն
«Մայրս կհրաժարվի, կինը՝ կլքի». Իզմիրի քաղաքապետը միացավ Էրդողանի կուսակցությանը

Իզմիրի քաղաքապետ Ջեմիլ Թուղայը միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP)։ Այս մասին անձամբ հայտարարել է Էրդողանը՝ Անկարայում կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, որտեղ նաև ամրացրել է Թուղայի կուսակցական նշանը։ Արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերում։
Քայլը բացասական արձագանք է առաջացրել Իզմիրում՝ Թուրքիայի մեծությամբ երրորդ քաղաքում, որի բնակչությունը մոտ 4,5 միլիոն է։ Էգեյան ծովի ափին գտնվող քաղաքը համարվում է երկրի առավել աշխարհիկ կենտրոններից մեկը և 1999 թվականից կառավարվում է սոցիալ-դեմոկրատների կողմից։
Թուղայի որոշումն առավել ուշագրավ է այն պատճառով, որ հունվարին նա հայտարարել էր՝ երբեք չի անդամակցի AKP-ին։ Նա ասել էր, որ նման քայլի դեպքում մայրը կհրաժարվի իրենից, իսկ կինը՝ կլքի իրեն։
Թուղայը Իզմիրի քաղաքապետ էր ընտրվել 2024 թվականի մարտին՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ցուցակով, և պաշտոնը ստանձնել էր ապրիլին։ Հունիսին նա դուրս էր եկել CHP-ից՝ կուսակցության ղեկավարության փոփոխությունից հետո, որը տեղի էր ունեցել վիճահարույց դատական որոշման արդյունքում, և հայտարարել էր, որ կմնա անկախ։
Քաղաքապետի անցումը AKP լուրջ հաջողություն է Էրդողանի համար, թեև Իզմիրի քաղաքային խորհրդում մեծամասնությունը շարունակում է պատկանել ընդդիմությանը։
CHP-ն 2024 թվականի մարտի համայնքային ընտրություններում համոզիչ հաղթանակ էր տարել, սակայն դրանից հետո, ըստ անկախ թուրքական Diken պարբերականի, իշխանությունների աճող ճնշման է բախվել։ Չորեքշաբթի օրվա դրությամբ ձերբակալվել էին CHP-ից ընտրված վեց նահանգային քաղաքապետեր, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ինչպես նաև 29 շրջանների քաղաքապետեր։
Medyascope-ի տվյալներով՝ մինչև Թուղայի միանալը իշխող կուսակցությանը, ընդդիմադիր կուսակցություններից AKP էր անցել առնվազն 17 քաղաքապետ։ Քաղաքական վերլուծաբան Բերն Էսենի կարծիքով՝ այդ անցումները կարող են լինել 2024 թվականի համայնքային ընտրություններում կրած պարտությունից հետո AKP-ի դիրքերը վերականգնելու ռազմավարության մաս։ Նա նշել է, որ որոշ դեպքերում քաղաքապետերը կուսակցական պատկանելությունը փոխում են ոչ թե հայացքների փոփոխության, այլ իշխանությունների ճնշումից վախենալու պատճառով։
CHP-ի նախկին առաջնորդ Օզգյուր Օզելը նույնպես խոսել է Իզմիրի ընտրված ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների, սպառնալիքների և շանտաժի մասին։ Նա դավաճաններ է անվանել նրանց, ովքեր, իր բնորոշմամբ, «վաճառվում են» և հեռանում կուսակցությունից։
Աղբյուր՝ 168.am