Քաղաքականություն
«Պետք է խոսենք նաև հայ քաղբանտարկյալների մասին». Մարինա Մեզյուր

Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին նվիրված քննարկման ընթացքում բարձրաձայնվելու է նաև Բաքվում պահվող հայ բանտարկյալների հարցը։ Ֆրանսիացի եվրապատգամավոր Մարինա Մեզյուրի խոսքով՝ Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի նախագծում այդ դրույթը ներառվել է իր առաջարկով։
«Քանի որ խոսում ենք Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, պետք է խոսենք նաև հայ քաղբանտարկյալների մասին։ Այդպես այդ դրույթը ներառվեց։ Շատ փոքր հավելում է՝ ընդամենը երեք բառ, բայց դա իմ առաջարկն էր»,— ասել է Մեզյուրը Factor.am-ին։
Նրա փոխանցմամբ՝ ինքը նաև առաջարկել էր բանաձևում անդրադառնալ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Բաքու, և ԵՄ հատուկ ներկայացուցչի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցերին, սակայն այդ առաջարկը չի ընդունվել։ Մեզյուրը նշել է, որ ցանկացել էր փաստաթղթում ներառել նաև ափսոսանք այն բանի վերաբերյալ, որ ԵՄ ներկայացուցիչները վերջին բարձրաստիճան այցերի ընթացքում Ադրբեջանին չեն կոչ արել ազատ արձակել քաղբանտարկյալներին, բայց այդ ձևակերպման համար մեծամասնություն չի եղել։
Եվրապատգամավորի խոսքով՝ բանաձևերի ընդունումից բացի անհրաժեշտ են գործնական քայլեր։ Նա ընդգծել է, որ տարբերություն կա խորհրդարանում հնչող հայտարարությունների, ընդունվող բանաձևերի և Եվրամիության ու Ադրբեջանի հարաբերությունների իրական պատկերի միջև։
Մեզյուրը նաև հայտարարել է, որ միջազգային հանրությունը չի կարող հրաժարվել միջազգային իրավունքից, այդ թվում՝ վերադարձի իրավունքից, բանտարկյալների անհապաղ ազատ արձակման և մշակութային ժառանգության պաշտպանության պահանջներից։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ հանդիպումների ընթացքում տեսել է, թե որքան ուժեղ է նրանց վերադարձի ցանկությունը։ Նրա խոսքով՝ երեխաներից ոմանք իրենց երազանքը ձևակերպել են որպես Արցախ վերադառնալ։
Մեզյուրի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո ինքը նամակ է ուղարկել Եվրահանձնաժողով՝ բողոքելով այցի և դիվանագետի օգտագործած բառապաշարի դեմ։ Պատգամավորը դեռ պատասխան չի ստացել, սակայն ակնկալում է այն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։
Աղբյուր՝ aravot.am