Արտաքին աշխարհ

Flydubai-ի երկրորդ օդաչուն դեռ հուլիսին էր նախատեսել ինքնաթիռը ուղղել Թել Ավիվ

Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռը կառավարելու փորձի մեջ մեղադրվող երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադիր իրականացնել իր ծրագիրը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով հետաքննությանը ծանոթ աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ երկրորդ օդաչուն քննիչներին պատմել է, որ հուլիսյան թռիչքներից մեկի ժամանակ գրեթե իրականացրել էր հարձակումը, սակայն վերջին պահին փոխել էր մտադրությունը։ Նա, ըստ տեղեկությունների, նախատեսել էր ստանձնել ինքնաթիռի կառավարումն ու այն ուղղել դեպի Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայան։

Որոշ աղբյուրներ պնդում են, որ օդաչուն հրաժարվել էր այդ մտքից՝ մտահոգվելով ինքնաթիռում գտնվող մարդկանցից մեկի կյանքի համար։ Wall Street Journal-ի տվյալներով՝ նրան նման գործողությունների կարող էր դրդել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai-ի ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան էր արձակել և որոշ ժամանակ անց վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել էր, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև ֆիզիկական բախում է տեղի ունեցել։

Իսրայելի իշխանությունները միջադեպը որակել են որպես ահաբեկչական գործողության փորձ։ ԱՄԷ-ի դատախազությունը, որը քննում է գործը, նույնպես հայտարարել է ահաբեկչության փորձի մասին։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version