Հասարակություն

«Ես և իմ անչափահաս երեխան մնացել ենք առանց բնակության վայրի». Սասմա Առաքելյան

Մանկատան նախկին սան Սասմա Առաքելյանը պնդում է, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց հետո չի կարողացել մուտք գործել Երևանի Գ. Նժդեհի 56 ա 830 հասցեում գտնվող բնակարան, որտեղ, իր խոսքով, 2012-2023 թվականներին ներառյալ բնակվել է իր անչափահաս որդու հետ։

«Դուռը չկարողացա բացել, քանի որ հարևաններս ասացին՝ տունդ վաճառված է, նոր բնակիչ էր ապրում այնտեղ, բանալիները փոխված»,- «Առավոտին» ասել է Սասմա Առաքելյանը։ Նա նշել է, որ բնակարանի բանալին միայն իր մոտ է եղել և պնդել է, որ տարածքը որևէ մեկին չի հանձնել։

Առաքելյանի խոսքով՝ ընտանիքի նկատմամբ ընտանեկան բռնությունից խուսափելու նպատակով ինքը որդու հետ ժամանակավորապես մեկնել էր Ռուսաստան, որտեղ բնակվել է մոտ երկու տարի։ Հայաստան վերադառնալուց հետո, ըստ նրա, բնակարանում նոր բնակիչ է եղել, իսկ այժմ ինքը ժամանակավորապես ապրում է ծանոթի տանը։ «Տվյալ պահին ես և իմ անչափահաս երեխան փաստացի մնացել ենք առանց բնակության վայրի»,- նշել է նա։

Նրա՝ նշված հասցեում բնակվելու փաստը, ըստ հրապարակման, հաստատում են հարևաններից 15-ի ստորագրությամբ հայտարարությունը, ինչպես նաև անձնագրում առկա հասցեն։ Բնակչության պետական ռեգիստրի՝ 2026 թվականի օգոստոսի 5-ի տեղեկանքի համաձայն՝ Սասմա Առաքելյանը և նրա վեցամյա որդին հաշվառված են այդ բնակարանում։

Միասնական սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոնի՝ 2026 թվականի օգոստոսի 17-ի տեղեկանքում նշվում է, որ ընտանիքը 2017 թվականի հուլիսի 27-ից հաշվառված է ընտանիքների ապահովության գնահատման համակարգում։ Փաստաթղթի համաձայն՝ նրանք ընտանեկան նպաստ ստացել են 2017 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի փետրվարը ներառյալ, ապա՝ 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ՝ ամսական 24 000 ՀՀ դրամի չափով։ 2026 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընտանիքը նպաստ կամ հրատապ օգնություն ստացող շահառու չի եղել։

«Լիլիթ» համատիրության նախագահ Լարիսա Սարգսյանը հայտնել է, որ տարածքում այժմ բնակվում է Արցախից տեղահանված կին՝ երեխայի հետ։ Նրա խոսքով՝ նոր բնակիչները բնակարանը գնել են Սասմայի հարազատներից մեկից։ Սարգսյանը նաև նշել է, որ տարածքը սեփականության իրավունքով պատկանում է համայնքին, իսկ հարցի վերաբերյալ իրեն հայտնել են, որ գործը գտնվում է դատախազությունում։

Սասմա Առաքելյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդումով։ Նա նշել է, որ մանկատնից դուրս գալուց հետո պետական մարմինների կողմից բնակության համար իրեն տրամադրվել էր այդ տարածքը, և շուրջ 11 տարի այն եղել է իր փաստացի բնակության հիմնական ու մշտական վայրը։

Առաքելյանը հայտնել է նաև, որ նախաձեռնել էր բնակարանի սեփականաշնորհման գործընթաց, սակայն այն վերջնականապես չի ավարտել, և իր սեփականության իրավունքը պետական գրանցում չի ստացել։ Նա իրավապահներից խնդրել է պարզել տարածքն զբաղեցնող անձանց իրավական հիմքերը, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել համապատասխան փաստաթղթերը և զննել բնակարանը՝ այնտեղ իր անձնական իրերի ու փաստաթղթերի առկայությունը պարզելու համար։ Գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետը նրա դիմումն ուղարկել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազի քննարկմանը։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version