Քաղաքականություն

«Սաղին բարևներ». Մարտուն Գրիգորյանը դատարան մտավ բարձր տրամադրությամբ

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Նա մեղադրվում է ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ։

Գրիգորյանը պատգամավորի թեկնածու էր Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով։ Նրա առանձնատանը, ավտոմեքենայում և գրասենյակում խուզարկություններ էին սկսվել այն բանից հետո, երբ Գյումրու թատրոնի դահլիճում՝ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քարոզարշավի ժամանակ, նա հայտարարել էր, թե «Գյումրի 2» լինելու է։

Նախորդ նիստում դատարանը նրա կալանքը երկարացրել էր երեք ամսով։ Այդ նիստի ժամանակ Գրիգորյանը հայտարարել էր, որ ոչնչից չի վախենում, և իր համոզմունքներն ու սկզբունքները չեն փոխվելու։

Այսօրվա նիստին նա դատարան է մտել բարձր տրամադրությամբ։ Տեսնելով հարազատներին՝ ողջագուրվել է, ժպտացել և ձեռքով բարևել։ «Շատ բարևներ՝ շա՜տ-շա՜տ», գյումրեցիների անունից ասել է Գրիգորյանի հիմնած քաղաքական ուժի՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։ Գրիգորյանը պատասխանել է՝ «Սաղին բարևներ»։

Դատարանն ավարտել է նախնական դատալսումների փուլը և անցել հիմնական դատալսումներին։ Դատավորը ներկաներին հարցրել է՝ արդյոք նիստին կան դատարան կանչված վկաներ՝ նշելով, որ նրանց անձամբ չի ճանաչում և հույսը դնում է նրանց բարեկրթության վրա։ Որևէ մեկը չի արձագանքել, ինչից հետո դատավորը եզրակացրել է, որ վկաներ չկան, և կողմերին հնարավորություն է տվել հանդես գալու բացման խոսքով։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version