Քաղաքականություն

Արեգա Հովսեփյան․ ծնողները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ անալիզները փոխանցվել են Ադրբեջանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի խոսքով՝ արցախյան պատերազմներում զոհվածների և անհայտ կորածների ծնողները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ անալիզները փոխանցվել են ադրբեջանական կողմին։ Նա հայտնել է, որ հարցը պարզելու նպատակով համապատասխան մարմիններին հարցումներ է ուղարկելու։

«Այսօր մենք համոզվեցինք, որ ծնողները տեղյակ չեն, որ իրենց ԴՆԹ անալիզները հանձնվել են ադրբեջանական կողմին առանց իրենց իմացության։ Ես կրկնակի հարց տվեցի՝ ոչ մեկդ տեղյա՞կ չէիք, նրանք ասացին՝ ոչ։ Ամենը ձայնագրված, տեսագրված է»,— լրագրողների հետ զրույցում ասել է Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ ծնողների խնդիրներով աշխատանքը նախատեսվում է իրականացնել երեք ուղղությամբ՝ միջազգային հարթակներում, Ազգային ժողովում և երրորդ երկրների միջնորդությամբ։ Հովսեփյանը նշել է, որ ծնողները կտրականապես դեմ են միջազգային գանգատները հետ քաշելու վերաբերյալ նախնական համաձայնությանը, քանի որ, իր գնահատմամբ, այդ որոշումը պետությունը կայացրել է նրանց փոխարեն։

Պատգամավորը նաև հայտարարել է, որ անհետ կորածների հարցում պետք է լինի պետական հստակ դիրքորոշում։ Նա նշել է, որ ծնողներն իրավունք ունեն տեղեկանալու այս գործընթացների մասին, նույնիսկ եթե դրանց բոլոր մանրամասները չեն հանրայնացվում։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version