Հասարակություն
Քրիստոնեական հավատքը կերտել ու պահպանել է հայ ժողովրդի ազգային ինքնությունը․ Գարեգին Երկրորդ
Հոկտեմբերի 8-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իտալիայի Միլան քաղաքի կաթոլիկ ծխական համայնքի ուխտավորներին։
Վեհափառ Հայրապետը օրհնել է ներկաներին և անդրադարձել Հայոց Եկեղեցու առաքելությանը, ինչպես նաև հայ ժողովրդի ազգային ինքնության ու մշակույթի ձևավորման և պահպանման գործում քրիստոնեական հավատքի ունեցած դերին։
Գարեգին Երկրորդը կարևորել է նման այցելությունները՝ դրանք համարելով փոխճանաչողության խորացման և քրիստոնեական համայնքների միջև կապերի ամրապնդման միջոց։ Նա նաև գոհունակություն է հայտնել Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ եղբայրական հարաբերությունների առիթով։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտավորներին մաղթել է օրհնաբեր ուխտագնացություն դեպի հայոց սրբավայրեր՝ վստահություն հայտնելով, որ այցելությունը նրանց համար կդառնա հոգևոր ներշնչման և հավատքի զորացման առիթ։
Աղբյուր՝ 168.am