Հասարակություն

«Հայաստանում մնալը դառնում է հարցականի տակ». Մարինա Գալստյան

Հոկտեմբերի 8-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում «ԱՐԱՐ» հիմնադրամի նախաձեռնությամբ քննարկվել են սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Մարինա Գալստյանի «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» գրքի ու հետազոտության արդյունքները։

1000 երիտասարդների շրջանում իրականացված քանակական և որակական հետազոտությունն անդրադարձել է 44-օրյա պատերազմից, Քովիդից, հետպատերազմյան անորոշությունից և 2023 թվականի տեղահանությունից հետո երիտասարդների ինքնության, հոգեկան առողջության, քաղաքական մասնակցության, աշխատաշուկայի և ապագայի տեսլականի փոփոխություններին։ Գալստյանի խոսքով՝ այս շրջանը կարելի է բնութագրել որպես բազմաճգնաժամային (polycrisis) ժամանակաշրջան։

Հետազոտության համաձայն՝ երիտասարդների 31%-ը կարծում է, որ երիտասարդը նա է, ով պատասխանատու է իր որոշումների համար, մինչդեռ միայն 8.9%-ն է նշել, որ պատրաստ է ռիսկի գնալ հանուն իր գաղափարների կամ արժեքների։ Գալստյանի խոսքով՝ երիտասարդները խուսափում են ռիսկի տարր ունեցող մասնագիտություններից, այդ թվում՝ զինվորականի գործունեությունից։

Հետազոտության հեղինակը նշել է, որ 2022 թվականից հետո երիտասարդների տիպաբանական խմբերի թիվը հինգից նվազել է չորսի։ Նորարար առաջնորդների թիվը որոշ չափով ավելացել է, սակայն աճել է նաև չկողմնորոշված և հուսահատ երիտասարդների տեսակարար կշիռը։ Այդ խմբում հատկապես շատ են քաղաքաբնակ 18-22 տարեկանները, որոնց անկախության ցուցանիշները ևս ավելի ցածր են։

Գալստյանի ներկայացմամբ՝ առաջին աշխատանքի անցնելու երիտասարդների միջին տարիքը 23-ից նվազել է 19-ի։ Դրա մի մասը պայմանավորված է ընտանիքին օգնելու անհրաժեշտությամբ, իսկ մյուս մասը՝ սոցիալական մեդիայով տարածվող գերզբաղված լինելու կենսակերպով։ Նա նաև նշել է, որ ազատ ժամանակը շատ երիտասարդների համար վերածվում է տագնապի աղբյուրի, քանի որ այն կարող է ստիպել վերանայել սեփական ընտրություններն ու գործողությունները։

Սոցիոլոգը հայտնել է, որ երիտասարդներն ավելի հաճախ են որպես խնդիր նշում վնասակար սովորություններն ու թվային կախվածությունը։ Միաժամանակ, հետազոտությունը չի չափել ուսանողների շրջանում առցանց խաղամոլության տարածվածությունը։

Գալստյանի խոսքով՝ երիտասարդների հույսը հանրայինից տեղափոխվել է անձնական դաշտ։ Նրանք ապագայի հետ կապված հույսը հիմնականում կապում են իրենց և ընտանիքի, այլ ոչ թե ինստիտուտների հետ։ «Եթե երիտասարդը մտածում է, որ իր հետ կապված հույսը միայն ինքը կարող է օգնել, ուրեմն Հայաստանում մնալը դառնում է հարցականի տակ»,– ասել է նա։

«ԱՐԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանն ասել է, որ հետազոտությունը նախատեսվում է օգտագործել նոր ուսումնասիրությունների և ծրագրերի հիմքում։ Նրա խոսքով՝ պետական քաղաքականությունը միշտ չէ, որ արդյունավետ է, իսկ պետությունն ու ինստիտուտները հաճախ թերանում են իրականացման փուլում։ Այդ պատճառով հիմնադրամը ցանկանում է երիտասարդական խնդիրների լուծմանը ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին, կրթական և այլ կառույցներին։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version