Արտաքին աշխարհ

ՌԴ ՊՆ․ գիշերը Ռուսաստանի ուղղությամբ արձակվել է 505 ուկրաինական ԱԹՍ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի մարզերի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրատարածքների վրա որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 505 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Բելգորոդի մարզում զոհվել է 2 մարդ, 4-ը՝ վիրավորվել։ Մեկ տուն ամբողջությամբ փլուզվել է, հարևան տնային տնտեսությունը վնասվել է։

Կալուգայի մարզի նահանգապետը հայտնել է, որ ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վիրավորվել է 9 մարդ, որոնցից 5-ը հոսպիտալացվել են։ Վնասվել են նաև մի քանի տներ։

Տվերի մարզի նահանգապետի խոսքով՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել է քիմիական գործարան։ Աշխատակիցները ժամանակին տարհանվել են, տուժածներ չկան։

Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է ռուսական հարվածների մասին։ Ըստ այդ հաղորդագրությունների՝ Զապորոժիեին հարվածել է կառավարվող ավիառումբ․ զոհվել է 1 մարդ, 5-ը՝ վիրավորվել։

Իվանո-Ֆրանկովսկում ռուսական ռեակտիվ անօդաչուի հարվածից զոհվել է 1 մարդ։ BBC-ի ռուսական ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի սահմանից մեծ հեռավորության վրա գտնվող քաղաքը առաջին անգամ է ենթարկվել ռուսական նոր սերնդի անօդաչուների հարձակման։ Հարձակման է ենթարկվել նաև Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լվովը՝ Լեհաստանի սահմանին մոտ։

Հոկտեմբերի 8-ին Կրամատորսկում երթուղային ավտոբուսներին ռուսական հարվածների հետևանքով զոհվել էր 33 մարդ, իսկ հոկտեմբերի 7-ին Պրիլուկի քաղաքում 5-հարկանի շենքի վրա հարձակման հետևանքով՝ 22 մարդ։

Axios-ը գրում է, որ հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են այցելել Ռուսաստան։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հոկտեմբերի 8-ին հայտնել էր, որ ուկրաինական պատվիրակությունն առաջիկա հանգստյան օրերին կմեկնի ԱՄՆ՝ բանակցությունների։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version