Քաղաքականություն
«Փաշինյանն Ալիևի կամակատարն է»․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ողջունել է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։
Կուսակցության հայտարարության համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատվիրակությունը վերջերս Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրամիության պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվել է հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը։ Դաշինքից նշել են, որ համոզվել են՝ Եվրամիությունը պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
Կուսակցությունը պնդում է, որ բանաձևն ընդունվել է ոչ թե Հայաստանի իշխանությունների քաղաքականության և ջանքերի արդյունքում, այլ՝ դրանց հակառակ։ «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունում նշվում է, որ այն ժամանակ, երբ Եվրոպական խորհրդարանում դատապարտվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությունը և պահանջվում հայ գերիների ազատ արձակումը, Նիկոլ Փաշինյանը «կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ»։
Դաշինքը Փաշինյանին անվանել է «Ալիևի կամակատար»՝ պնդելով, որ նա չի համարձակվի հակադրվել Ադրբեջանի ղեկավարին և պաշտպանել Հայաստանի շահերը։
«Ուժեղ Հայաստան»-ից հայտարարել են նաև, որ բանաձևը ցույց է տալիս՝ Հայաստանը կարող է հասնել արժանապատիվ խաղաղության առանց զիջումների։ Կուսակցությունը նշել է, որ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է ուժեղ և համարձակորեն պաշտպանել երկրի շահերը՝ չընկրկելով Ալիևի ճնշումների առաջ։
Աղբյուր՝ 168.am