Արտաքին աշխարհ

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել

Թուրքիան առաջարկել է Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար ստեղծել անվտանգության երկու առանձին միջանցք։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը։

Թերթի տեղեկություններով՝ ուկրաինական նավերի համար առաջարկվում է դեպի Բոսֆորի նեղուց տանող երթուղի՝ Ռումինիայի և Բուլղարիայի ափերի երկայնքով։ Ռուսական նավերը, ըստ թուրքական կողմի առաջարկի, պետք է նավարկեն Վրաստանի և Թուրքիայի ափերի երկայնքով։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կողմերին ավելի վաղ փոխանցել էր նավերի վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը։ Milliyet-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության նպատակը քաղաքացիական նավագնացության պաշտպանությունն է։ Միջանցքների գործարկումը նախատեսվում է 2022–2023 թվականներին Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակում գործող հացահատիկային միջանցքի օրինակով։

Հոկտեմբերի սկզբին Սև ծովում մի քանի հարձակում էր տեղի ունեցել առևտրային նավերի վրա։ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հոկտեմբերի 6-ին հայտնել էր, որ երկրի բացառիկ տնտեսական գոտում օդային և ծովային անօդաչու սարքերով հարվածներ են հասցվել Տոգոյի դրոշի ներքո նավարկող Alfa Watan և Պալաուի դրոշի ներքո նավարկող Able չորաբեռնատար նավերին։ Առաջին նավը խորտակվել էր, իսկ երկրորդում հրդեհ էր բռնկվել։ Able-ի անձնակազմի բոլոր 18 անդամները, այդ թվում՝ Թուրքիայի 11 քաղաքացիները, տարհանվել էին։

Նույն օրը ծովային անօդաչու սարքերը հարձակվել էին նաև «Աֆրամաքս Ռիո» լցանավի վրա, հայտնել էր Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։ Նավում հրդեհ էր բռնկվել։ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հարձակման հետևանքների վերացման աշխատանքները համակարգելու նպատակով խորհրդակցություն էր անցկացրել։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version