Քաղաքականություն

«Անբարոյական է». Մերցը՝ Շրյոդերի մասնակցության մասին Պուտինի ծննդյան տոնակատարությանը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անբարոյական է համարում երկրի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի մասնակցությունը Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա տոնակատարությանը։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Մայերը՝ նշելով, որ Պուտինի հրամանները ամեն օր անթիվ տառապանք են պատճառում և Ուկրաինայում հանգեցնում մարդկանց մահվան ու վիրավորումների, հաղորդում է DW-ն։

Գերմանիայի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարությունները հայտնել են, որ Շրյոդերի այցի մասին նախապես տեղեկացված չեն եղել։ Գերմանիայի դեսպանատունը նույնպես որևէ աջակցություն չի ցուցաբերել նրան այցի ընթացքում։

Շրյոդերի անդամակցած Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում հայտարարել են, որ նա Ռուսաստանում գտնվել է որպես մասնավոր անձ։ «Մենք Գերմանիայում չպետք է ամեն անգամ «սատանայի վտարում» կազմակերպենք, երբ նախկին կանցլերը մեկնում է Մոսկվա»,- t-online պորտալին ասել է կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ, բունդեսթագի պատգամավոր Ռալֆ Շտեգները։

Շտեգների խոսքով՝ եթե այցը նպաստի Ուկրաինայում հրադադարին մոտենալուն, ապա դրանում դատապարտելի ոչինչ չկա։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version