Առողջություն
Հոդերի առողջության համար կարևոր են կոլագենը, Omega-3-ը և C վիտամինը

Հոդերի շարժունությունը պահպանելու, աճառային հյուսվածքն ամրացնելու և վաղաժամ մաշվածությունը կանխելու գործում կարևոր դեր կարող է ունենալ ճիշտ սննդակարգը։ Բժշկական և սննդաբանական վերջին հետազոտությունների համաձայն՝ որոշ վիտամիններ ու միկրոտարրեր նպաստում են հյուսվածքների բնական վերականգնմանը և նվազեցնում բորբոքային գործընթացները։
Մասնագետների գնահատմամբ՝ աճառային հյուսվածքների սնուցման և պաշտպանության համար կարևոր են կոլագենն ու որակյալ սպիտակուցները։ Կոլագենը հոդերի և աճառների հիմնական շինանյութերից է։ Դրա մակարդակը բնական ճանապարհով բարձրացնելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել ոսկրային արգանակ, ժելատին պարունակող ուտեստներ, ձուկ և թռչնամիս։
C վիտամինն անհրաժեշտ է կոլագենի բնական սինթեզի և հյուսվածքների վերականգնման համար։ Այն պարունակվում է մասուրի, ցիտրուսային մրգերի, բուլղարական պղպեղի և կանաչեղենի մեջ։
Հոդերի պաշտպանության գործում կարևոր են նաև Omega-3 ճարպաթթուները, որոնք ունեն հակաբորբոքային ազդեցություն և կարող են մեղմել ցավային զգացողությունները։ Դրանց հիմնական աղբյուրներն են յուղոտ ձկնատեսակները՝ սաղմոնն ու սկումբրիան, ինչպես նաև ընկույզը և կտավատի յուղը։
D վիտամինն ու կալցիումն ամրացնում են հոդերի հարևանությամբ գտնվող ոսկրային հյուսվածքը՝ օգնելով կանխել ծանրաբեռնվածությունից առաջացող վնասվածքները։ Մասնագետները նշում են, որ այս սննդանյութերով և բնական հակաօքսիդանտներով հարուստ հավասարակշռված սննդակարգը կարող է հիմք դառնալ հոդերի առողջության երկարաժամկետ պահպանման համար։
Աղբյուր՝ 168.am