Առողջություն

15-PGDH-ի արգելափակմամբ գիտնականները վերականգնել են ծնկի աճառը

Ստենֆորդի համալսարանի գիտնականների ղեկավարած հետազոտությունը ցույց է տվել, որ 15-PGDH սպիտակուցի արգելափակումը կարող է խթանել վնասված կամ մաշված ծնկի աճառային հյուսվածքների բնական վերականգնումը։ Հետազոտության մասին հաղորդել են ScienceDaily-ն և Stanford Medicine-ը։

15-PGDH-ի մակարդակը հյուսվածքներում ավելանում է ծերացման ընթացքում։ Գիտնականները հատուկ փոքր մոլեկուլային դեղամիջոցի միջոցով արգելափակել են այսպես կոչված «ծերացման ֆերմենտը»՝ փորձելով վերականգնել հյուսվածքների աճի և նորոգման համար անհրաժեշտ միջավայրը։

Տարիքով կենդանիների վրա իրականացված փորձարկումների ընթացքում ներարկումներով հնարավոր է եղել ոչ միայն կանխել աճառի մաշվածությունը, այլև զգալիորեն հաստացնել ու վերականգնել հոդերի բնական աճառային շերտը։ Բուժումը նաև արդյունավետ է եղել վնասվածքից կամ կտրուկ ծանրաբեռնվածությունից հետո օստեոարթրիտի զարգացումը կանխելու գործում։

Լաբորատոր պայմաններում մարդկային աճառային հյուսվածքի նմուշները բուժմանը դրական արձագանք են տվել․ մեկ շաբաթվա ընթացքում դրանցում արձանագրվել են նոր, ֆունկցիոնալ բջիջների աճի նշաններ։

Հետազոտողները նշում են, որ օստեոարթրիտը և հոդերի մաշվածությունը սահմանափակումներ են առաջացնում միլիոնավոր մարդկանց համար, իսկ մինչ այժմ չկար դեղամիջոց, որն ուղղակիորեն կվերականգներ կորցրած աճառը։ Նրանց գնահատմամբ՝ նոր մոտեցումը հետագայում կարող է հիմք դառնալ այնպիսի բուժումների համար, որոնք կփոխարինեն կամ կհետաձգեն հոդերի փոխարինման վիրահատությունները։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version