Քաղաքականություն
Ուիթքոֆն ու Քուշները կարող են մեկնել Մոսկվա և Կիև՝ պատերազմի դադարեցման առաջարկով

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, դիտարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ ամերիկացի պաշտոնյայի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր ուղևորությունները դեռ հաստատված չեն, իսկ դրանց իրականացումը կարող է կախված լինել Վաշինգտոնի և Կիևի միջև հարաբերությունների վերջին սրումից։
Ուրբաթ օրը Մայամիում Ուիթքոֆը և Քուշները ութժամյա բանակցություններ են անցկացրել ուկրաինական պատվիրակության և եվրոպացի դիվանագետների հետ։ Քննարկումների հիմնական թեմաներից մեկը խաղաղության համաձայնագրի շրջանակում Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքներն էին, այդ թվում՝ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի հնարավոր դերակատարումը։
Կողմերը քննարկել են նաև տարածքային հնարավոր լուծումները, տարածաշրջանի հետպատերազմյան կառուցվածքը, Ուկրաինայի վերականգնումը, բանակի ուժեղացումը և պատերազմի հետևանքով առաջացած բյուջետային դեֆիցիտի հաղթահարման տարբերակները։ Ամերիկյան ներկայացուցիչները ներկայացրել են վերականգնման առաջարկների փաթեթ։
Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներին և ՆԱՏՕ-ի հետ ապագա հարաբերություններին։ Ուիթքոֆն ու Քուշները բարձրացրել են նաև Եվրոպայի և Ռուսաստանի միջև հետպատերազմյան անվտանգության համակարգ ստեղծելու հարցը՝ երկու կողմերի շահերը հաշվի առնելու հնարավորությամբ։
ԱՄՆ վարչակազմը հույս ունի մշակել նոր առաջարկ, որը կարող է ստանալ Մոսկվայի համաձայնությունը՝ պատերազմը դադարեցնելու հարցում։ Սակայն Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի 90 րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը չի հաստատել Կիևի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների ուղղությամբ ուկրաինական հարվածները խոչընդոտել են բանակցային գործընթացի անհապաղ վերսկսմանը։ Նրա խոսքով՝ Պուտինը հայտնել է, որ ռուսական կողմը դեռ պետք է որոշի, թե երբ կարող են բանակցությունները շարունակվել։
Աղբյուր՝ 168.am