Քաղաքականություն
«Պուտինի մտերիմ թփթփոցը Փաշինյանի համար ոչ մի երաշխիք չէ»

Նյութում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահի՝ Փաշինյանի մեջքին բարեկամաբար թփթփացնելը չի վկայում նրանց հարաբերությունների կայունության կամ ջերմության մասին և որևէ երաշխիք չի տալիս։
Հեղինակի գնահատմամբ՝ նույնը վերաբերում է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բոլոր ղեկավարներին։ Նրանց հետ մտերմությամբ հպարտանալը կամ այդ հարաբերությունների վրա քաղաքական հաշվարկ կառուցելը ներկայացվում է որպես քաղաքական անգիտություն կամ քաղաքական անմեղսունակություն։
Նյութում ընդգծվում է, որ նման առաջնորդների որոշումները չեն կարող հիմնվել միայն մարդկային հարաբերությունների վրա, քանի որ նրանց պատասխանատվության շրջանակում են նաև հսկայական ազդեցություն ունեցող հարցեր, այդ թվում՝ հազարավոր միջուկային մարտագլխիկների ճակատագիրը։ Այդ պատճառով առանձին մարդկային հարաբերությունները նրանց համար կարող են երկրորդական դառնալ։
Ըստ հրապարակման՝ Պուտինի հետ հարաբերությունների «քիմիան» նախկինում որևէ երաշխիք չի եղել նաև երկրորդ նախագահի համար։ Հայաստանի նման պետությունների համար ամենակայուն երաշխիքը, հեղինակի համոզմամբ, իշխանության հարցը «կյանքի ու մահվան» դիլեմայի չհասցնելն է։ Դա ներկայացվում է նաև որպես երկրի անվտանգության, կենսունակության և միջազգային քաղաքականության բարդ պայմաններում առավելագույն ճկունության նվազագույն երաշխիք։
Աղբյուր՝ aravot.am