Սպորտ
«Բացառում եմ, որ կտեղափոխվեմ Սաուդյան Արաբիա, Հայաստան կամ MLS». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալու իր մանկության երազանքի, «Արսենալ» չտեղափոխվելու պատճառների, «Մանչեսթեր Յունայթեդում» Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի և կարիերայի ապագայի մասին։
Մխիթարյանի խոսքով՝ «Բորուսիայից» հեռանալիս ինքը «Արսենալից» առաջարկ ուներ, սակայն գործարքը վերջին պահին չի կայացել։ «Ամեն բան պատրաստ էր, գործակալս զբաղվում էր այդ հարցերով, սակայն եկավ մի պահ, երբ ասացին, որ մտափոխվել են և ֆիքսվել են այլ խաղացողի վրա»,— նշել է նա։
Ֆուտբոլիստը հաջորդ օրը ստացել է «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերակը։ Նա չի բացառել, որ անգլիական գրանդներում հայտնվել է ոչ ամենահարմար ժամանակահատվածում կամ չի իմացել՝ ինչպես աշխատել Ժոզե Մոուրինյուի հետ։ Միևնույն ժամանակ Մխիթարյանը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած դժվարությունների ընթացքում նվաճել է երեք տիտղոս, իսկ Մոուրինյուի հետ տարաձայնություններն իրեն ավելի ուժեղ են դարձրել։
Կարիերան ավարտելու ժամկետի վերաբերյալ Մխիթարյանը հստակ ծրագիր չի ներկայացրել՝ ընդգծելով, որ իր տարիքում երկարաժամկետ ծրագրեր կազմելը դժվար է։ Նա նաև հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել Սաուդյան Արաբիա, Հայաստան կամ MLS, քանի որ գումարը երբեք իր առաջնային նպատակը չի եղել։
«Խաղացել եմ ֆուտբոլ ամբիցիաներիս, նպատակներիս և մանկուց ունեցած երազանքներիս համար»,— ասել է նա։ Մխիթարյանը հավելել է, որ ափսոսում է՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչներից մեկը հաղթանակով ավարտել չկարողանալու համար։
37-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Թիմում նա ամենատարեց ֆուտբոլիստն է և, իր խոսքով, փորձում է լինել այն կապող օղակը, որը նպաստում է լավ մթնոլորտի ստեղծմանը։
Աղբյուր՝ 168.am