Տնտեսություն
Կառավարությունը Ամուլսարից տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր է ակնկալում
Ամուլսարի հանքավայրի շահագործումից պետական բյուջե վճարվելիք հարկերը, տուրքերը և ռոյալթին, Կառավարության հաշվարկներով, տարեկան կկազմեն 130 միլիոն դոլար։ Ծրագիրը Հայաստանի համախառն ներքին արդյունքի վրա կարող է ունենալ նաև շուրջ 1,5 տոկոս դրական ազդեցություն։ Այս մասին հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ Ամուլսարի ծրագրում ներդրվել է ավելի քան 750 միլիոն դոլար, իսկ շահագործման փուլում նախատեսվում է արտադրել ավելի քան 210 հազար ունցիա ոսկի։ Պապոյանը նշել է նաև, որ Կառավարությունը ծրագրում ունի 12,5 տոկոս մասնաբաժին։
Նախարարը Ամուլսարի ծրագիրը բնութագրել է որպես պետություն–մասնավոր համագործակցության օրինակ՝ ընդգծելով միջազգային չափանիշներին համապատասխան արտադրություն կազմակերպելու և բնապահպանական պահանջները պահպանելու կարևորությունը։ Նրա գնահատմամբ՝ ծրագրի նշանակությունը չի սահմանափակվում ներդրումներով, աշխատատեղերով ու հարկային մուտքերով, քանի որ այն կապված է նաև հանքարդյունաբերության նոր ստանդարտների ձևավորման հետ։
Պապոյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում ձևավորված միջավայրը Հայաստան է բերել նոր ապրանքանիշներ, չափանիշներ և բիզնեսի վարման մշակույթ՝ զարգացման հնարավորություններ ստեղծելով տնտեսության այլ ճյուղերի համար։
Նախարարը նաև հիշեցրել է Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրված հուշագիրը, որով «Լիդիան Արմենիա»-ն աջակցություն է տրամադրելու համայնքներին։ Նրա խոսքով՝ ծրագրի արդյունքում կարող են ստեղծվել հազարավոր ուղղակի և անուղղակի աշխատատեղեր, իսկ Վայքի, Ջերմուկի և Սիսիանի համար կարող է բացվել զարգացման նոր ճանապարհ։ Պապոյանը նշել է, որ ծրագրի իրականացումն անցել է ոչ հեշտ ճանապարհով։
Աղբյուր՝ 168.am