Արտաքին աշխարհ
«Սայմոն» մրրիկը հասել է 4-րդ կատեգորիայի. Մեքսիկայում սպասվում են ջրհեղեղներ ու սողանքներ

Մեքսիկայի ափերին մոտեցող «Սայմոն» մրրիկը ուժգնացել է՝ հասնելով Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի 4-րդ կատեգորիային, հայտնում է Associated Press-ը։ Քամու հիմնական արագությունը հասնում է 225 կմ/ժ-ի։
ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (NHC) շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, վտանգի տակ գտնվող շրջանների բնակիչներին կոչ է արել անհապաղ անվտանգության միջոցներ ձեռնարկել։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Մեքսիկայի հարավ-արևմուտքում տեղումների քանակը կարող է կազմել 250-500 մմ, իսկ առանձին հատվածներում՝ հասնել 760 մմ-ի։
Ամենաշատը կարող են տուժել Հալիսկոյի ափամերձ գոտին, ինչպես նաև Միչոական, Կոլիմա և Նայարիտ նահանգները։ Մասնագետները զգուշացրել են կյանքի համար վտանգավոր ջրհեղեղների և սողանքների մասին։ Չորրորդ կատեգորիան սահմանվում է 209-251 կմ/ժ արագությամբ ցիկլոնների համար և համարվում է ամենակործանարարներից մեկը։
Վտանգի պատճառով Հալիսկոյի իշխանությունները ուրբաթ և երկուշաբթի օրերին չեղարկել են դասերը ափամերձ 22 համայնքների դպրոցներում։ Աղետի հնարավոր գոտիներից արդեն սկսվել է տասնյակ բնակիչների տարհանումը։
Իշխանությունները Պուերտո Վալյարտայի զբոսաշրջային ոլորտին հորդորել են աշխատակիցների և հանգստացողների համար ապաստարաններ ապահովել կամ նրանց տեղափոխել անվտանգ տարածքներ։ NHC-ն ափամերձ բնակիչներին կոչ է արել հետևել պաշտոնական զգուշացումներին և պատրաստվել եղանակի հնարավոր վատթարացմանը։
Աղբյուր՝ 168.am