Հասարակություն
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ». Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը հայտարարել է, որ լուրջ կասկածներ ունի բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով զինված ուժերում գրանցված հերթական մահվան դեպքին։
Մախսուդյանի խոսքով՝ կես տարվա ընթացքում բանակում տասնյակ զոհեր են գրանցվել, և ինքը 30 տարվա ծառայության ընթացքում նման իրավիճակ չի տեսել։ Նա նաև քննադատել է Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում արված հայտարարությունը, թե գոհ է Պաշտպանության նախարարության աշխատանքից՝ հարցնելով, թե ինչից է վարչապետը գոհ՝ զոհերի թվից, թե բանակում տիրող իրավիճակից։
Պահեստազորի գնդապետը պահանջել է բանակում մահվան յուրաքանչյուր դեպք ենթարկել մանրակրկիտ և անկախ քննության՝ բացառելու այլ վարկածները, այդ թվում՝ հակառակորդի հնարավոր մասնակցությունը։ Նրա խոսքով՝ զինվորների մահը չպետք է վերածվի միայն թվերի և պաշտոնական հաղորդագրությունների։
Մախսուդյանը պատասխանատվության կոչ է արել բանակի ղեկավարությանը և նշել, որ բանակը չպետք է օգտագործվի պաշտոնի, ինքնահաստատման կամ սեփական ձախողումները թաքցնելու համար։ Նա ընդգծել է, որ զինծառայողների ընտանիքները իրենց որդիներին բանակ են ուղարկում՝ վստահելով պետությանը, իսկ նրանց կյանքը պաշտոններից և պաշտոնյաների գոհունակությունից ավելի թանկ է։
Աղբյուր՝ yerevan.today