Տնտեսություն
ԿԳՄՍՆ-ն «Գևորգիան Կոնցեռնի» հետ 60 մլն 645.000 դրամի պայմանագիր է կնքել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի հատկացման պայմանագիր է կնքել «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը պետք է կազմակերպի դպրոցականների «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշարի նախապատրաստական աշխատանքներն ու եզրափակիչ փուլը։
Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ծրագրի իրականացման համար պետական բյուջեից նախատեսվել է 60 մլն 645.000 դրամ։ Այդ գումարով ընկերությունը պետք է ապահովի սննդի և տրանսպորտի ծառայությունները, պատվոգրերի ու հավաստագրերի տպագրությունը, մեդալների, ծաղիկների, հուշանվերների, շապիկների և գլխարկների ձեռքբերումը, լողավազանի վարձակալությունը, ինչպես նաև մրցաշարի ուղիղ հեռարձակումն ու գովազդային արշավը։
168.am-ը նշում է, որ «Գևորգիան Կոնցեռնի» գործունեության վերաբերյալ ունի տասնյակ հրապարակումներ՝ պայմանավորված պետական գերատեսչությունների կողմից ընկերության նկատմամբ ցուցաբերվող նախընտրությամբ։ Ըստ նույն աղբյուրի՝ ընկերության սեփականատերը Վլադիմիր Գևորգյանն է, որը իրեն և ընտանիքի անդամներին առնչվող «Կոնցեպտ Իվենթս», «Օլ հոթելս», «Պեցցո», «Լոռե Թրավել» և այլ ՍՊԸ-ների միջոցով մասնակցում է պետական գնումներին և հաճախ պայմանագրեր կնքում առանց մրցույթի։
Աղբյուր՝ 168.am