Քաղաքականություն
«ԱՄՆ-ը սկզբունքային թշնամանք է տածում Իրանի և նրա ժողովրդի նկատմամբ». Էբրահիմ Ազիզի

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը սկզբունքային թշնամանք ունի Իրանի և իր ժողովրդի նկատմամբ։ Նա այսպես է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարություններին։
«Մի երկիր, որի պատմությունը սկսվել է տեղաբնիկ ժողովուրդների զանգվածային սպանդով, և որը երբեք չի դադարեցրել գաղութատիրական ընդլայնումն ու արյունահեղությունը, հանցագործություններ կատարելու մեջ մեղադրում է Աքեմենյաններին՝ մարդու իրավունքների աշխարհում առաջին հռչակագրի հեղինակներին», — ուրբաթ օրը X սոցիալական ցանցում գրել է Ազիզին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գործողությունների հիմքում Իրանի և իրանցի ժողովրդի նկատմամբ խոր արմատներ ունեցող ատելությունն է։
Ռուբիոյի մեկնաբանություններին անդրադարձել է նաև Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Նա քննադատել է արևմտյան քաղաքակրթության այն ներկայացումը, որը ԱՄՆ պետքարտուղարը ներկայացրել էր Հունաստան կատարած այցի ընթացքում։
Բաղային Ռուբիոյին մեղադրել է պատմությունը ընտրողաբար ներկայացնելու մեջ՝ Հին Հունաստանի ժառանգությունը ժամանակակից ԱՄՆ-ի հետ կապելու և այդ կերպ ուժի կիրառումն արդարացնելու համար։ Նրա կարծիքով՝ Ռուբիոյի մեկնաբանության մեջ շեշտը դրված էր հզորության և ազգային կամքի վրա, մինչդեռ անտեսվել էր հին հունական ավանդույթի մյուս կարևոր կողմը՝ կայսերապաշտական հավակնությունների, գոռոզամտության և ագրեսիայի քննադատությունը։
Աղբյուր՝ 168.am