Հասարակություն
Լեհաստանում դպրոցական հարձակումներից հետո 50 հազար հաստատություն է ստուգվել, 79 մարդ՝ ձերբակալվել

Լեհաստանի ոստիկանությունը դպրոցներում տեղի ունեցած մի շարք հարձակումներից հետո ամբողջ երկրում ստուգել է շուրջ 50 հազար ուսումնական հաստատություն և ձերբակալել մինչև 79 մարդու, հայտնում է Polsat News-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։
Շաբաթ առավոտյան հրապարակված միջանկյալ տվյալներով՝ իրավապահները գրանցել էին ապօրինի արարքների հիմնավոր կասկածներով 231 դեպք և ձերբակալել 76 մարդու։ Ավելի ուշ ոստիկանության հաղորդագրության վերնագրում նշվել է 79 ձերբակալվածի մասին։
Ոստիկանության փոխանցմամբ՝ միջոցառումներն ուղղված են աշակերտների, ուսուցիչների և կրթական հաստատությունների մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելուն։ «Ոստիկանները ոչ միայն զբաղվում են այս պատահարների քննությամբ, այլև շարունակում են շուրջօրյա վերահսկողություն իրականացնել համացանցում և արձագանքել յուրաքանչյուր ահազանգի»,— ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Լայնածավալ գործողությունները սկսվել են Մազովեցկի վոյեվոդության դպրոցներում տեղի ունեցած միջադեպերից հետո։ Օստրոլենկայի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում 19-ամյա երիտասարդը դանակով հարձակվել էր ինը մարդու վրա, այդ թվում՝ հինգ աշակերտի և երկու ուսուցչի։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նրա մոտ եղել է նաև ինքնաշեն պայթուցիկ սարքով պայուսակ։
Լեշչիդոլ-Նովինիի հիմնական դպրոցում 15-ամյա դեռահասը հարձակվել էր երեք մարդու վրա։ Տուժածներից մեկը՝ դպրոցի 37-ամյա աշխատակցուհին, մահացել է։
Ոստիկանությունը նաև կանխել է Սերպցի դպրոցներից մեկի վրա հնարավոր հարձակումը։ «Վատ արարք գործելու» սպառնալիքներ հնչեցրած 17-ամյա դեռահասը կալանավորվել է երկու ամսով։
Ուրբաթ օրը ոստիկանությունը, համայնքային պահպանության աջակցությամբ, ուժեղացրել է Մազովեցկի վոյեվոդության դպրոցների և մանկապարտեզների հսկողությունը։ Համապետական միջոցառումները շարունակվում են՝ նոր միջադեպերը կանխելու և սպառնալիքներին արագ արձագանքելու նպատակով։
Աղբյուր՝ 168.am