Արտաքին աշխարհ
Իրանը սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում

Իրանը երկրի պետական սահմանների երկայնքով տեղակայել է ցամաքային զորքերի ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում՝ անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալի Ջահանշահին, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ ստորաբաժանումները տեղակայված են սահմանի լայն հատվածում՝ հյուսիսարևմտյան շրջաններից մինչև երկրի հարավ-արևմուտք, ինչպես նաև արևելքում և հարավ-արևելքում՝ Մաքրանի ափամերձ գոտու երկայնքով։
Ջահանշահին նշել է, որ Իրանի ցամաքային զորքերը սահմանամերձ շրջաններում ներկայություն են պահպանել նաև ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի մեկնարկից առաջ։ Հիմնական ուժերը կենտրոնացված են երկրի հյուսիսարևմտյան, արևմտյան, հարավարևմտյան, արևելյան, հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանագծերում։
Գեներալի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո բանակը վերանայել է օպերատիվ պլանները, փոխել ստորաբաժանումների մարտական կառուցվածքն ու կազմակերպումը և առաջնահերթություն տվել ժամանակակից սպառազինությամբ համալրմանը։
«Մենք վերանայել ենք օպերատիվ պլանները, փոխել մարտական կառուցվածքն ու կազմակերպումը, ինչպես նաև առաջնահերթություն ենք տվել ստորաբաժանումները նոր տեսակների սպառազինությամբ համալրելուն, որոնք ունեն բարձր ճշգրտությամբ խոցման հնարավորություններ, ինտելեկտուալ համակարգեր և ցանցային տեխնոլոգիաներ», — հայտնել է Ջահանշահին։
Նա նշել է, որ ձեռնարկված միջոցները ցամաքային զորքերին թույլ են տվել անհրաժեշտ մարտական ոգով և պատրաստականությամբ դիմավորել երրորդ պատերազմի սկիզբը, որը Թեհրանը անվանում է «Ռամադանի պատերազմ»։
Տեղակայված ուժերի թվում են հատուկ նշանակության, արագ արձագանքման և հատուկ գործողությունների ստորաբաժանումները, մեքենայացված զորամասերն ու հրետանին։ Ջահանշահիի խոսքով՝ դրանք ապահովված են անհրաժեշտ աջակցությամբ։
Սեպտեմբերի 20-ին գեներալը հայտարարել էր, որ Իրանի ցամաքային զորքերը արդյունավետ ներկայություն են պահպանում սահմաններին և պատրաստ են դիմակայել սպառնալիքներին։
Աղբյուր՝ 168.am