Հասարակություն

«Բողոքը դատական համակարգի դեմ է». 32-ամյա կալանավորը 25 օր հացադուլում է

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված 32-ամյա Աշոտ Բադալյանն արդեն 25 օր հացադուլ է անում։ Նրա պաշտպան Հայկ Հարությունյանի փոխանցմամբ՝ Բադալյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պահանջում է փոխել խափանման միջոց կալանավորումը։

Փաստաբանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ Բադալյանի բողոքն ուղղված է դատական համակարգի դեմ։ Նրա խոսքով՝ գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, իսկ ինքը մի քանի անգամ հորդորել է պաշտպանյալին դադարեցնել հացադուլը, սակայն վերջինս չի համաձայնել։

Աշոտ Բադալյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մերձավոր ազգականի նկատմամբ կատարված սպանության, և 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենքի շրջանառության համար։

Հայկ Հարությունյանի ներկայացմամբ՝ Բադալյանի և նրա քրոջ որդու միջև նախկինում լուրջ կոնֆլիկտներ են եղել։ Փաստաբանի պնդմամբ՝ դեպքի օրը մահացած տղամարդը նռնակով մոտեցել է Բադալյանի տանը և ցանկացել վնասել նրա կնոջն ու երեք երեխաներին, ինչից հետո Բադալյանը նրա ձեռքից վերցրել է հրազենը և կրակել։ Պաշտպանը կարծում է, որ այս հանգամանքներում առկա են անհրաժեշտ պաշտպանության տարրեր։

Փաստաբանի խոսքով՝ նախաքննությունը տևել է մոտ մեկ տարի, և այդ ընթացքում, իր գնահատմամբ, ականատեսների ցուցմունքներն ու մյուս ապացույցները հիմնականում եղել են Աշոտ Բադալյանի օգտին։ Նա նաև նշել է, որ զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ մեղադրանքը, իր կարծիքով, պետք է հանվեր, քանի որ այն չի հիմնավորվել դատագենետիկական փորձաքննությամբ հայտնաբերված մատնահետքերով։

Հայկ Հարությունյանի փոխանցմամբ՝ դատարանը պարբերաբար երկարաձգում է Բադալյանի կալանքի ժամկետը։ Պաշտպանական կողմը դատարանին խնդրել է նրան տնային կալանքի ենթարկել, քանի որ նրա փոքր որդին առողջական ծանր վիճակում է, և կալանավորը ցանկանում է լինել երեխայի կողքին։

Փաստաբանի տեղեկություններով՝ Բադալյանի առողջական վիճակը քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի ուշադրության կենտրոնում է։ Նա դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին և գլխավոր դատախազին։ Պաշտպանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ կալանավորի առողջական վիճակը գնահատվել է բավարար, սակայն այց դեռ չի կատարվել, իսկ գլխավոր դատախազությունից որևէ արձագանք առայժմ չի ստացել։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version