Քաղաքականություն
«Գյումրիում «զադնի» դնող չկա, ՔՊ-ին իշխանություն չեն տա». Գևորգ Ավագյան
Գյումրեցի ֆերմեր և հասարակական գործիչ Գևորգ Ավագյանը բացառել է, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում նոր ընտրություններ անցկացնի՝ նշելով, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքում իշխանություն չունի։
«Գյումրին Առուշ Առուշանյանը չէ, որ ՔՊ-ի ցուցակով առաջադրվի կամ կոալիցիա կազմի։ Ասում եմ՝ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունի, մենք ասել ենք՝ ախպեր ջան, Գյումրիում «զադնի» դնող չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Ավագյանը՝ անդրադառնալով Գյումրիում հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ իշխանության հայտարարություններին։
Նրա խոսքով՝ ընտրությունների մասին մտածելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը պետք է ուշադրություն դարձնի երկրի կարևոր խնդիրներին։ Ավագյանը պնդել է, որ Գյումրեցիները չեն ընտրի Փաշինյանին, իսկ որևէ մեկը չի կարող ՔՊ-ի հետ համագործակցության գնալ։
Ավագյանի գնահատմամբ՝ ՔՊ-ին անհրաժեշտ է ավագանու երեք անդամի աջակցությունը թեկնածու առաջադրելու համար, սակայն որևէ խմբակցություն նրանց ձայն չի տա։ Նա նաև նշել է, որ տասնյակ և հարյուրավոր մարդիկ պատրաստ են կալանավորվել, բայց ՔՊ-ին իշխանություն չեն փոխանցի։ Միաժամանակ նա քննադատել է Առուշ Առուշանյանի հետ նախկինում ձեռք բերված քաղաքական կոմպրոմիսը և հարցրել, թե այժմ ում հետ է Առուշանյանը։
Գևորգ Ավագյանը քննադատել է նաև խորհրդարանական ընդդիմությանը՝ ասելով, որ այն չպետք է մասնակցեր խորհրդարանի աշխատանքներին և պետք է Նիկոլ Փաշինյանին թողներ միայնակ՝ այդ կերպ նրան ու իշխանությանը հավասար պատասխանատվության չմասնակցելու համար։
Անդրադառնալով Սյունիքում զինված ադրբեջանցու հայտնվելու և Շաքիի բնակչուհու վրա կրակելու դեպքերին՝ նա հարց է բարձրացրել, թե ինչով են զբաղված Ազգային անվտանգության ծառայությունն ու իրավապահ համակարգը։ «Խոսում են խաղաղության մասին, սա՞ է իրենց խաղաղությունը»,- ասել է Ավագյանը։
Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Գյումրիում պետք է հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ անցկացվեն։
Աղբյուր՝ 168.am