Քաղաքականություն

«Եվրաինտեգրումն առաջին հերթին ինստիտուտների ու չափանիշների ինտեգրումն է». Նարեկ Կարապետյան

Հոկտեմբերի 12-ին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Հանդիպման ընթացքում Նարեկ Կարապետյանն ասել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը նախատեսում է Հայաստանի առավել խոր ինտեգրումը Եվրոպական միության հետ, ինչպես նաև եվրոպական չափանիշների և ինստիտուտների ներդրումը Հայաստանում։

Նրա խոսքով՝ խմբակցությունը մտադիր է առողջապահության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Կարապետյանը նշել է, որ այդ նախաձեռնությունը պետք է նպաստի առողջապահական համակարգի զարգացմանը և տեղական կառույցների կապի խորացմանը եվրոպական կառույցների հետ։

Խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ իրենք նոր գաղափարներ են փնտրում ինստիտուցիոնալ համագործակցության համար՝ ընդգծելով, որ եվրաինտեգրումն առաջին հերթին ինստիտուտների և չափանիշների ինտեգրում է։

Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար այժմ հետաքրքիր ժամանակաշրջան է։ Նա անդրադարձել է օրակարգային ծրագրերին, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերին, ԵՄ-Հայաստան փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանը։

Կողմերը քննարկել են նաև տնտեսության զարգացմանն ու աջակցությանն առնչվող հարցեր։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version